- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ․ ՊԱՅՔԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
Դեկտեմբեր 10, 2018 | 13:52
Գիտություն
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ․ ՊԱՅՔԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
21-րդ դարում արհեստական ինտելեկտը հեղեղել է աշխարհը․ խելացի սարքավորումներ, մեքենաներ, տներ, մարդիկ։ Ի՞նչ կարելի է սպասել այս տեմպով զարգացող տեխնոլոգիաներից։ Հարցի մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Սամսոն Դավոյանի հետ։
- Ի՞նչ է արհեստական ինտելեկտը, և ո՞ր ոլորտներում է այն կիրառելի։
- Արհեստական ինտելեկտը գիտության մի ոլորտ է, որտեղ ծրագրային մոդելավորման միջոցով իրականացնում են մարդկային ինտելեկտուալ ստեղծագործական ոլորտի գործառույթներ։ Այն կարելի է կիրառել մարդկային գործունեության կամայական ոլորտում՝ սկսած բժշկական ու ֆինանսականից մինչև սպառողների սպասարկում։ Բայց այլ հարց է արհեստական ինտելեկտի կիրառման նպատակահարմարությունը։ Այն կարելի է օգտագործել այն ոլորտներում, որտեղ կա մարդկային առողջությանը սպառնացող վտանգ, օրինակ` հանքավայրերում, քիմիական արդյունաբերության մեջ և այլն։
- Ի՞նչ տեմպով է զարգանում արհեստական ինտելեկտ կրող ռոբոտների ինտեգրումը հասարակության մեջ։
- Անցած տարվա դրությամբ՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանը, Գերմանիան և Հարավային Կորեան վաճառել են աշխարհում ռոբոտների ավելի քան 75 տոկոսը։ Պարզ է, որ այս երկրներում ռոբոտներն արդեն սովորական երևույթ են և մասնակցում են մարդկանց առօրյա կյանքին։ Կան ռոբոտներ, որոնք ցավազրկում են հիվանդին կամ հանում նրանց սթրեսային իրավիճակից, կարողանում են ստեղծել համապատասխան ոլորտի երաժշտություն և այլն։ Այսպես օրինակ՝ Ճապոնիայում ռոբոտը ստեղծել է գրական գործ, որը մրցանակ է շահել։
- Ինչի՞ կարելի է սպասել ապագայում։
- Այսօր մարդկային գործունեության ստեղծագործական ոլորտը կարող է ենթարկվել ռոբոտին, սակայն այս ամենը հանգեցնում է բնության դեմ պայքարի։ Ինչքան էլ որ արհեստական ինտելեկտը զարգացած լինի, հիշենք, որ կան իրավիճակներ, որտեղ ռոբոտներն անզոր են։ Օրինակ` հրդեհները, պատերազմները, ջրհեղեղները, տարբեր ֆորսմաժորային իրադարձություններն անկառավարելի են արհեստական ինտելեկտի համար։ Մենք այս ոլորտում ունեցած նվաճումների միայն դրական կողմն ենք հաշվի առնում, իսկ դրանց առաջացրած բացասական կողմը, կարծես, մոռանում ենք։ Արհեստական ինտելեկտի կամ, եթե կուզեք, գիտության զարգացումը տանում է բնության հետ հակասությունների, ինչի պատճառով մենք մեր ձեռքերով մարդկային հասարակությանը մոտեցնում ենք իր վերջաբանին։ Մենք պետք է հասկանանք, որ ապագան ծրագրված չէ, և մենք չգիտենք, թե ուր է գնում գիտությունը։
- Պարո՛ն Դավոյան, հաշվի առնելով թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը՝ ինչքանո՞վ է արդյունավետ արհեստական ինտելեկտով ստեղծված սարքավորումների մեջ ներդրումներ կատարելը։
- Այս ոլորտում, տնտեսական առումով ներդրում կատարելով, բավականին մեծ շահույթ կստանանք, չէ որ մեկ ռոբոտը կարող է փոխարինել մի քանի մարդու աշխատուժին։ Դժվար է գտնել այնպիսի աշխատանք, որը ռոբոտը չի կարող անել: Մոտ ապագայում մենք կունենանք գործազուրկների մեծաքանակ բանակ, այդ աշխատողները չեն կարողանա աշխատանք գտնել, քանի որ նրանց հաստիքները կզբաղեցնեն ռոբոտները։
- Այդ դեպքում ի՞նչ է պետք անել լետալ արդյունքից խուսափելու համար։
- Սա համաշխարհային մասշտաբի խնդիր է զարգացած երկրների համար: Այդ խնդիրն ավելի չխորացնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Իմ կարծիքով, պետք է ստեղծվի միջազգային կենտրոն, որը կհաշվարկի արհեստական ինտելեկտը մասայական դարձնելու, ինչպես նաև այն այս կամ այն ոլորտում կիրառելու ռիսկերը։ Պետք է գիտակցել, թե որ ուղղություններով ու ինչ չափով է այն կիրառելի, եթե ուզում ենք խուսափել բացասական արդյունքից։
Մարինա Առաքելյան