- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՎՈՐԵՔ ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉՈՎ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ԱՌԿԱ ՄՏՔԵՐԸ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԻՊԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵՔ ՈՒ ՊԱՏԿԵՐԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՉՈՎ». ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ
Փետրվար 22, 2019 | 16:49
Քաղաքականություն
«ՍՈՎՈՐԵՔ ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉՈՎ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ԱՌԿԱ ՄՏՔԵՐԸ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԻՊԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵՔ ՈՒ ՊԱՏԿԵՐԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՉՈՎ». ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ
«Մայրենիի օրվա» կապակցությամբ այսօր Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց էր հյուրընկալվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:
Դեկանին դիմավորեց դպրոցի տնօրեն Գայանե Մարտիրոսյանը, որը շնորհակալություն հայտնեց դեկանին հրավերն ընդունելու համար:
Մինչև օրվա խորհրդին անդրադառնալը՝ դեկանը խրատական զրույց վարեց աշակերտների հետ. «Դուք ձեր կյանքի ամենահետաքրքիր շրջանն եք ապրում՝ անկախ նրանից գիտակցում եք, թե ոչ. մանկությունը և պատանեկությունը մարդու կյանքի ամենաքաղցր տարիներն են»,- նշեց Ավագյանը:
Դեկանը կոչ արեց մանրուքների մեջ տեսնել երջանկությունը:
Իսկ երջանկության համար պետք է պայքարել. «Սովորե՛ք ձեր երջանկության, նպատակների և փայփայած երազանքների համար պայքարել. մի՛ վախեցեք պայքարից. պայքարը չարիք և պատիժ չէ, այն ամեն ինչի հայրն է»:
Խոսելով մայրենիի կարևորության մասին՝ դեկանը փաստեց, որ լեզուն իր մեջ ամփոփում է ժողովրդի անցած ողջ պատմությունը՝ կապելով մարդուն իր արմատներին. «Մենք ամեն ինչ ընկալում, հասկանում և ճանաչում ենք հայոց լեզվի միջոցով: Ուր էլ լինեք, ձեր մայրական կաթի հետ սնուցված լեզուն չմոռանաք. այդ լեզուն օգնում է բացելու ձեր զգացմունքային աշխարհի դռները»,- նշեց Ավագյանը և նկատեց: «-Մեր լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկն է, չկա որևէ միտք, որևէ գաղափար, զգացում, որ հայերենով հնարավոր չլինի մեր ձևակերպել ու արտահայտել: Կարդացեք Վահան Տերյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ակսել Բակունցի գործերը. տեսեք՝ ինչպես է հայոց լեզուն թևեր առած սավառնում, թևածում ու հարստացնում ընթերցողին»:
Ըստ դեկանի՝ գրավոր խոսքը կրթական մակարդակը որոշող գործոն է, իսկ ընթերցանությունն ինքդ քեզ ճանաչելու լավագույն միջոց. «Սովորեք գիրքը կարդալ թուղթ ու գրիչով, որ այնտեղ առկա մտքերը, նորությունները, իրադարձությունները, մարդկային տիպերը վերլուծեք ու պատկերեք սեփական գրչով: Գրել սովորում են գրելով, անընդհատ գրեք, ստեղծագործեք, վերլուծեք»:
Լեզվի գերագույն դրսևորումը գրականությունն է, ուստի Ավագյանը ներկայացրեց ինչպես արևելահայ, այնպես էլ արևմտահայ գրականության գոհարները, համեմատությունների միջոցով կենդանի դարձրեց պատկերները:
Ա. Ավագյանը ներկայացրեց նաև ԵՊՀ հիմնադրման պատմությունը, բուհի կառուցվածքն ու գործունեությունը.
Հանդիպման ավարտին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը գրքեր նվիրեց դպրոցի ղեկավարությանը:
Անգին Խաչատրյան