- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
Սեպտեմբեր 15, 2020 | 15:55
Հասարակություն
ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
ԱԺ-ում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին ընտրել են Սահմանադրական դատարանի դատավոր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածության օգտին այսօր քվեարկել է 86 պատգամավոր:
Արթուր Վաղարշյանը 1984-1989 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա 1989-1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրայում: 1996 թ. նա պաշտպանել է «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով իրավ. գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 2013 թ. Արթուր Վաղարշյանը պաշտպանել է «Հայաստանի առաջին հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով իրավ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Արթուր Վաղարշյանը 1993-94 թթ. եղել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, 1995-2003 թթ.՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ, իսկ 2002-2005 թթ.՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ: 2005 թ. մինչ օրս նա ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է:
Նա 1996-2004 թթ. եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, իսկ 1996-2004 թթ.՝ համալսարանում իրականացվող բարեփոխումների իրավական կարգավորման հանձնաժողովի անդամ:
Արթուր Վաղարշյանն անդամակցում է ՀՀ իրավաբանների միությանը, ՀՀ ԲՈԿ-ի 001 մասնագիտական խորհրդին։ 2014-2019 թթ. եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ:
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի գիտական հետաքրքրության շրջանակն ընդգրկում է պետության և իրավունքի տեսական ու գործնական հիմնախնդիրները, իրավունքի ու պատմական և փիլիսոփայական հիմնահարցերը և կրթության իրավական կարգավորման հիմնախնդիրները:
Քնար Միսակյան