- Գլխավոր
- Նորություններ
- «ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՍԻՆԹԵԶՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 21, 2019 | 17:31
Կրթություն
«ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՍԻՆԹԵԶՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ֆարմացիայի ինստիտուտի և Քիմիայի ֆակուլտետի ուսանողների համար այսօր դասախոսությամբ հանդես եկավ Ռուսաստանի Ա.Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, քիմ. գիտ. թեկնածու Վլադիմիր Լարիոնովը:
Տեղեկացնենք, որ Վլադիմիր Լարիոնովը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ է ժամանել գիտական գործուղման շրջանակներում՝ ինստիտուտում կատալիզի նոր մեթոդների ներդրման նպատակով:
Դասախոսության սկզբում Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն ուսանողներին ներկայացրեց բանախոսին՝ փաստելով, որ վերջինս ներկայացնում է նաև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը. «Վլադիմիր Լարիոնովը կներկայացնի իրենց աշխատանքները թեմայի վերաբերյալ»:
Վլադիմիր Լարիոնովն ուսանողներին նախևառաջ բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում խիրալ միացությունը՝ մարդու ձեռքերի և α-ամինաթթվի օրինակով. « Հայտնի են բազմազան օրինակներ, երբ երկու առարկա միմյանց համար հանդիսանում են հայելապատկեր, օրինակ, աջ և ձախ ձեռքը, աջ և ձախ բյուրեղը և այլն։ «Խիրալություն» տերմինն օգտագործում են այն դեպքում, երբ երկու առարկա գտնվում են նման հարաբերության մեջ»։
Բանախոսը ներկայացրեց α-ամինաթթվի կարևորությունը՝ փաստելով, որ այն սպիտակուցների և պեպտիդների «կառուցապատման նյութ» է կենդանի օրգանիզմներում. «Բացի դրանից՝ օգտագործվում է պեպտիդների մոդիֆիկացման, հակաբորբոքայինների սինթեզի համար, ինչպես նաև կիրառվում է որպես խիրալ կատալիզատոր, լիգանդ և նախնական նյութ խիրալ կատալիզատորների սինթեզի համար»:
Վլադիմիր Լարիոնովը խոսեց էնանտիոմերապես մաքուր α-ամինաթթուների ստացման մեթոդների մասին՝ նշելով, որ այն կարելի է ստանալ բնական հումքից, ֆերմենտային սինթեզի, ասիմետրիկ կատալիզի և ասիմետրիկ ստեխիոմետրիկ սինթեզի շնորհիվ:
Այնուհետև բանախոսը ներկայացրեց էնանտիոմերապես հարստացված α-ամինաթթուների սինթեզի նոր մեթոդներ՝ Co(III) քիրալային կոմպլեքսների օգնությամբ ասիմետրիկ կատալիզի և Ni(II) խիրալային կոմպլեքսների հիման վրա ասիմետրիկ ստեխիոմետրիկ սինթեզի կիրառմամբ:
Քնար Միսակյան