- Գլխավոր
- Նորություններ
- ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ. ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մայիս 17, 2019 | 22:25
Հասարակություն
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ. ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100 և ՈւԽ 25-ամյակներին, որին հաջորդեց տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ:
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:
Մրցույթին, ըստ կանոնակարգի, մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն «ԵՊՀ լավագույն ուսանող»-ին բնութագրող ձեռքբերումներ՝ առաջադիմություն, ներգրավվածություն գիտական աշխատանքներում, մասնակցություն ներհամալսարանական արտալսարանային կյանքին և արտահամալսարանական ակտիվություն` մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում գրանցած հաջողություններ:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողները, սահմանված կարգի համաձայն, ներկայացնում են համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթեր: Հաղթողի ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով, երկու փուլով՝ ներկայացված հայտերի գնահատում և հարցազրույց, որոնց արդյունքում էլ ձևավորվում է մրցույթին մասնակից ուսանողի ընդհանուր միավորը:
ԵՊՀ ռեկտորը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հոբելյանական տարին հագեցած է միջոցառումներով, որոնք անցնում են բարձր մակարդակով. «Ես նախանձով եմ նայելու այն ուսանողներին, որոնք ԵՊՀ 100-ամյակի օրերին կդառնան լավագույն ուսանող: Կարծում եմ՝ ամբողջ կյանքում կհիշեն: Ուզում եմ շնորհավորել և ասել՝ մեծագույն պատիվ է լինել համալսարանի լավագույն ուսանող և միևնույն ժամանակ շատ մեծ պարտավորություն, որովհետև մենք՝ բոլոր համալսարանականներս, ունենք այդ պարտավորությունը՝ բարձր պահելու մեր Մայր բուհի պատիվը»:
ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ:
ԵՊՀ լավագույն ուսանողներին շնորհավորեցին և նրանց մրցանակները հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Վահագն Վարագյանը շնորհավորեց հատկապես այն համալսարանականներին, որոնք ուսումը կիսատ թողեցին, գնացին Արցախ ու այլևս չվերադարձան՝ հավերժ մնալով ուսանող, այն համալսարանականներին, որոնք ուսումն ավարտելուց հետո մնացին համալսարանում՝ դառնալով դրա նվիրյալները:
«Ուզում եմ շնորհավորել նաև Ուսանողական խորհրդի 25-ամյակի կապակցությամբ: Ես՝ ինքս, արդեն 15 տարի է, ինչ ակտիվորեն աշխատում եմ այդ կառույցի հետ: ՈւԽ-ում աշխատանքները դժվար են, երբեմն՝ անշնորհակալ, բայց դուք աշխատեք՝ բարձր պահելով ձեր, ձեր կառույցի և համալսարանի անունը»:
Ռուբեն Մարկոսյանն ասաց՝ երբ ասում են Ալեք Մանուկյան 1, պատկերացնում են համալսարանական հրաշագեղ համալիրը, բայց երբ ասում են համալսարան, առաջին հերթին նկատի են ունենում դասախոսներին և ուսանողներին. «Պատահական չէ, որ մեր հոբելյանական միջոցառումների մեկնարկային շրջանում մենք մեծարում ենք մեր լավագույն ուսանողներին»:
ԵՊՀ պրոռեկտորը փաստեց, որ մրցութային հանձնաժողովի համար բավական դժվար է եղել որոշումներ կայացնելը, քանի որ լավագույնի հավակնորդները միավորներով շատ մոտ էին իրար. «Ես շնորհավորում եմ բոլորին: Դուք արժանի եք կրելու ԵՊՀ ուսանողի բարձր կոչումը»:
Դավիթ Ափոյանն էլ արձանագրեց, որ պատմություն կերտած ԵՊՀ-ն իր գործունեության ընթացքում եղել է միասնականության, համախմբվածության ու ազգային դաստիարակության յուրահատուկ դպրոց:
«Այս տարի նշվում է նաև ԵՊՀ ՈւԽ հիմնադրման 25-ամյակը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ բուհի գործունեության հաջողության գործում շատ մեծ է և կայուն ուսանողների դերը: Շատ կարևոր է ուսանողների ակտիվությունը հասարակական, մշակութային, կրթական ու գիտական կյանքում: Ես հավատում եմ, որ մեր բուհը մի օր կդառնա աշխարհի առաջատար բուհերից մեկը, թեև այդ ճանապարհը դժվարին է և խրթին, բայց մեր միասնականությամբ մենք կհասնենք դրան»,- ասաց Դավիթ Ափոյանը:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողների համար սահմանված է անվանական կրթաթոշակ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչված Լիպարիտ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անչափ ուրախ է, որ հենց հոբելյանական տարում է ճանաչվել լավագույնը. «Այս մրցանակը ոչ միայն խրախուսող է, այլև անչափ պարտավորեցնող: Հավերժ կհիշեմ ու պատվով կկրեմ այս տիտղոսը»:
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հետևեց տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ, որոնք հանդես եկան ճանաչված ու սիրված երգերով:
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Լավագույն ուսանող-2019» մրցույթում հաղթող ճանաչված և լավագույնի կոչմանն արժանացած ուսանողներին`
- Վլադիմիր Վարդապետյան - Քիմիայի ֆակուլտետ
- Սոնա Մովսիսյան - Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
- Քրիստինե Օհանյան - Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
- Արամ Նազարյան - Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
- Անի Հակոբյան - Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
- Մերի Փանոսյան - Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Տաթևիկ Դունամալյան - Արևելագիտության ֆակուլտետ
- Թամարա Գասպարյան - Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Վարդազար Քոթանջյան - Ֆիզիկայի ֆակուլտետ
- Չնաշխարհիկ Մովսիսյան - Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
- Հրանտ Ջիլավյան - Իրավագիտության ֆակուլտետ
- Լիպարիտ Ղազարյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
- Բաբկեն Հովհաննիսյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
- Սիրանուշ Բաղումյան - Պատմության ֆակուլտետ
- Վահագն Գևորգյան - Կենսաբանության ֆակուլտետ
- Սրբուհի Միչիկյան - Սոցիոլոգիայի ֆակուլտետ
- Բելլա Սաղյան - Ռուս բանասիրության ֆակուլտետ
- Վահագն Ամիրջանյան - Հայ բանասիրության ֆակուլտետ
- Մանե Ալեքսանյան - Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
- Սյուզաննա Շահնազարյան - Իջևանի մասնաճյուղ
Քնար Միսակյան