- Գլխավոր
- Նորություններ
- ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԿԵՆՍԱԲԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Դեկտեմբեր 05, 2018 | 15:17
Կրթություն
ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԿԵՆՍԱԲԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնն այսօր հյուրընկալել էր Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Տատյանա Վլադիմիրի Սեմաշկոյին:
Վերջինս ուսանողների համար «Գլյուկոզօքսիդազները՝ որպես կենսավառելիքային սարքերի հիմքեր» թեմայով դասախոսություն կարդաց:
Նշենք, որ Տատյանա Վլադիմիրի Սեմաշկոյի այցը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից տրամադրվող «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2016» միջազգային մրցույթի «Մանրէների հիդրոգենազները և գլիցերոլ օքսիդազները որպես կենսավառելիքային սարքերի կենսակատալիզատորներ» գիտական թեմայի շրջանակում: Գիտական ծրագրի հայաստանյան կողմի ղեկավարը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, կ. գ. դ., պրոֆեսոր Արմեն Թռչունյանն է, իսկ գիտական թեմայի խմբում ընդգրկված են նաև ԵՊՀ 3 աշխատակիցներ:
Մինչ դասախոսությունը սկսելը Տատյանա Սեմաշկոն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտի հիմնական գիտահետազոտական ուղղություններն ու գիտական ձեռքբերումները:
Նա պատմեց կենսավառելիքային սարքերի, դրանցում կիրառվող ֆերմենտների, դրանց անջատման, մաքրման և օգտագործման հնարավորությունների մասին:
Հավելենք, որ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ավագ գիտաշխատող, կ. գ. թ. Աննա Փոլադյանը, ով նույնպես ընդգրկված է վերոհիշյալ գիտական ծրագրում, հոկտեմբերին այցելել էր Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտ, որտեղ, բացի համատեղ իրականացրած հետազոտական աշխատանքներից, հանդես էր եկել դասախոսությամբ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան