- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ «ՄԵՏԱՔՍԵ ՃԱՆԱՊԱՐՀ» ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԱՆԴԱՄ
Օգոստոս 30, 2018 | 13:41
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ «ՄԵՏԱՔՍԵ ՃԱՆԱՊԱՐՀ» ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԱՆԴԱՄ
Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը հուլիսի 23-26-ը մասնակցել է Չինաստանի մայրաքաղաք Բեյջինգում հիմնադրված «Մետաքսե ճանապարհ» մաթեմատիկական կենտրոնի ղեկավար կազմի հանդիպմանը:
Մեզ հետ զրույցում Յուրի Մովսիսյանը նշեց, որ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են հետևյալ երկու հարցեր՝ ճշտել առաջիկա մեկ տարվա կենտրոնի գործունեության գիտական ուղղությունները, ստեղծված կենտրոնում որոշել տարբեր երկրների մաթեմատիկական միությունների անդամակցության հարցը:
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում հատուկ զեկուցմամբ ներկայացրել է Հայաստանի մաթեմատիկական միության (ՀՄՄ) անցած ուղին և նրա գործունեության կարևորագույն ուղղությունները, որի արդյունքում ՀՄՄ-ն միաձայն ընտրվել է «Մետաքսե ճանապարհ» մաթեմատիկական կենտրոնի անդամ, իսկ ԵՊՀ պրոֆեսոր Յուրի Մովսիսյանն ընտրվել է սույն կենտրոնի ղեկավար կազմի անդամ:
Նրա խոսքով, այս անդամակցությունը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի ՀՄՄ-ի երեք երիտասարդ անդամների անվճար մասնակցելու կենտրոնի կողմից Չինաստանում կազմակերպվող գիտական դպրոցներին և գիտաժողովներին։
ԵՊՀ պրոֆեսորը հայտնեց, որ ղեկավար կազմի հանդիպմանը զուգահեռ կազմակերպվել է նաև գիտաժողով, որը նվիրված է եղել ժամանակակից հանրահաշվական երկրաչափության հարցերին։
Նադեժդա Տեր-Աբրահամյան