- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՊՀ-Ն Է. ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Նոյեմբեր 05, 2021 | 17:08
Հասարակություն
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՊՀ-Ն Է. ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Զարինա Շախմանովան:
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևը փաստեց, որ երկու երկրների և դրանց առաջատար համալսարանների միջև հաստատված հրաշալի հարաբերությունները, որոնք շատ կարևոր են Ղազախստանի և դեսպանության համար, իրենց համագործակցության առաջնային ուղղություններից են:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ փոխգործակցելու պատրաստակամության և արևելագիտությանը մեծ տեղ ու դեր հատկացնելու համար: Նա առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դերը, որը, նրա խոսքով, երկու երկրների մշակութային-հասարակական հարաբերությունների զարգացման հիմնասյուներից մեկն է: Դրա վկայությունը, ըստ դեսպանի, Աբայի «Սև խոսքերի» հայերեն առաջին թարգմանության և Մուխթար Աուեզովի «Աբայ» վեպի թարգմանության երկրորդ հրատարակության լույսընծայումներն են:
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը խոսեց հայ-ղազախական հարաբերությունների առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով նաև Ղազախստանում հայ համայնքների գործունեությունը և հույս հայտնելով, որ երկու երկրների միջև առկա հարաբերություններն առավել կզարգանան:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը փաստեց, որ Հայաստանը և Ղազախստանը կապված են պատմական, մշակութային, սոցիալական ու տնտեսական ամուր կապերով, որոնք ոչ միայն պետք է պահպանել, այլև ամրապնդել և ընդլայնել: Հ. Հովհաննիսյանն ասաց, որ հաստատված հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է նաև ԵՊՀ-ում գործող Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը:
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ պետք է պահպանել ավանդույթները և մշակել նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան սերտացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով և իրականացնելու փոխայցելություններ, ուսանողների փոխանակումներ, ակադեմիական և մշակութային համատեղ միջոցառումներ ու այլ նախագծեր:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ-ի և ղազախական բուհերի ակտիվ համագործակցության մասին են վկայում նաև համատեղ իրականացված կրթական, հետազոտական ու մշակութային միջոցառումները:
Նա փաստեց, որ վերջին տարիներին Լ. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի շուրջ 70 ուսանող ԵՊՀ-ում մասնակցել է տարաբնույթ ծրագրերի այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են թյուրքագիտությունը, միջազգային հարաբերությունները, կրոնագիտությունը, ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, քիմիան, աշխարհագրությունն ու կենսաբանությունը. «Բացի դրանից՝ կազմակերպվել ու անցկացվել են ուշագրավ միջոցառումներ, որոնցից են ԵՊՀ-ի օրերը Լ. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանում և հակառակը, գիտաժողովներ, Հայաստանում ղազախական ֆիլմերի փառատոն, վարպետության դասեր և այլն»:
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն էլ ասաց, որ երկու երկրների հոգևոր կապերը, փոխշահավետ և փոխհարստացնող համագործակցությունը երկար տարիների պատմություն ունեն, ապա փաստեց, որ ԵՊՀ-ն, մասնավորապես ամբիոնը երկու երկրներն իրար կապող գիտամշակութային կամուրջ են և պատրաստ են իրագործելու բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին քննարկել և հանդես գալ նոր նախաձեռնություններով: