- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Հունիս 03, 2019 | 15:58
«ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագրքի ներկայացումը:
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասագիրքը կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունները:
«Նմանօրինակ դասագրքի կարիք մենք վաղուց ունեինք,- փաստեց Վարդան Ոսկանյանը,- քանի որ այն կարևոր գործառույթ ունի հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների զարգացման հարցում, հետևաբար այն նաև Իրանագիտության ամբիոնի կարևոր ձեռքբերումներից է»:
Այս գիրքը մեծ ձեռքբերում է նաև ուսանողների համար, քանի որ այսուհետ նրանք կարող են իրենց պարսկերենի գիտելիքները հարստացնել դիվանագիտական տեքստերի ուսումնասիրությամբ և նոր բառապաշարով:
Վարդան Ոսկանյանի խոսքով, թե՛ իրանագիտություն, թե՛ միջազգային հարաբերութուններ ուսումնասիրող ուսանողների, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար գիրքը կարող է օգտակար լինել պարսկական դիվանագիտական ոլորտին առավել լավ ծանոթանալու տեսանկյունից:
Իրանագիտության ամբիոնի դոցենտ, գրքի համահեղինակ Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրեց գրքի կառուցվածքն ու առանձնահատկությունները:
Վերջինիս խոսքով, գիրքը մշակելիս հաշվի են առնվել պարսկերենի դասավանդման առանձնահատկություններ, այդ թվում՝ ներառելով այբուբենի ուսուցումն ու լեզվական ամենաբարդ կառույցների մեկնաբանումը:
«Հաշվի առնելով ժամանակակից ուսումնասիրությունները՝ փորձել ենք ստեղծել մի դասագիրք, որը և՛ կիրառական, և՛ տեսական առումով կարող է բավարարել մեր ուսանողների պահանջները»,- շեշտեց Հասմիկ Կիրակոսյանը:
Դասագիրքն ունի նաև մեթոդական ձեռնարկ, որը բաժանված է երկու մասի՝ պաշտոնական արարողություններ և Իրանը միջազգային հարաբերություններում: