- Գլխավոր
- Նորություններ
- ՉԽԱԽՏԵԼՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ՆՎԻՐԵՑԻՆ ԳՐՔԵՐ
Փետրվար 26, 2019 | 14:21
Կրթություն
ՉԽԱԽՏԵԼՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ՆՎԻՐԵՑԻՆ ԳՐՔԵՐ
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարիներ շարունակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առաջինկուրսեցիներին նվիրում են մասնագիտական գրքեր՝ այդ կերպ խթանելով բարձր առաջադիմությունը:
ԵՊՀ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը «Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը» բուհական դասագիրքն այսօր նվիրեց առաջինկուրսեցիներին՝ նրանց մաղթելով լավ մասնագետ դառնալ:
«Այս գիրքը կօգնի ձեզ ավելի լավ սովորել, յուրացնել առարկան ու հետագայում բարձր պահանջարկ ունեցող իրավաբան դառնալ՝ դրանով բարձր պահելով ձեր, ձեր ընտանիքի և ձեր ֆակուլտետի պատիվը»,- ասաց ֆակուլտետի դեկանը:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանն ասաց, որ դասագիրքն անցել է անհրաժեշտ գործընթացներով, հաստատվել բոլոր ինստիտուտների կողմից, ապա երաշխավորվել որպես բուհական դասագիրք Իրավագիտության ֆակուլտետների համար:
«Շուրջ տասը տարի այս ոլորտում նոր դասագիրք չկար: 2015 թվականին, երբ փոխվեց ՀՀ Սահմանադրությունը և դրա հիման վրա՝ նաև Դատական օրենսգիրքը, մեր ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնը խնդիր դրեց իր առջև պատրաստելու նոր դասագիրք: Եվ ահա, այն արդեն առաջինկուրսեցրիների սեղանին է»,- պարզաբանեց Գագիկ Ղազինյանը:
Ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, դասընթացը, որի համար կազմվել է դասագիրքը, անցնում են առաջին կուրսի երկրորդ կիսամյակում. «Այդ ժամանակ բավականին դժվար է առանց համակարգված նյութի ուսումնասիրել մասնագիտական առարկա, ուստի այս նվերը լավագույնս կլուծի խնդիրը»:
Քնար Միսակյան