- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍԿԻԶԲ Է». ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՆ
Ապրիլ 25, 2019 | 15:27
Գիտություն
«ՍԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍԿԻԶԲ Է». ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարին:
Հանդիպմանը ներկա էին դեսպանատան, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ օրը նշանակալի է ֆակուլտետի համար, քանի որ նախատեսվում է զարգացնել հնդկագիտությունը՝ որպես արևելագիտության կարևոր ուղղություն:
«Բոլորս ենք տեղյակ, թե ինչպիսի նշանակալի և կարևոր դեր է ունեցել Հնդկաստանում հայ համայնքը, և ինչպիսի դեր են ունեցել հայերը Հնդկաստանն աշխարհին ներկայացնելու գործում»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
Ըստ բանախոսի՝ ֆակուլտետում հնդկագիտության զարգացումը, հնդկագիտական առարկաների դասավանդումը հետագայում կարող է նպաստել հայ ժողովրդի այդ դերակատարության վերականգնմանը:
Նշենք, որ դեսպանը երկրորդ անգամ էր այցելում ֆակուլտետ: Այցի նպատակը Հնդկաստանին նվիրված գրքերի առաջին խմբաքանակն Իրանագիտության ամբիոնին նվիրելն է:
Վարդան Ոսկանյանի խոսքով, հնդկաիրանական ուսումնասիրությունները դասական դիսցիպլին են եվրոպական մի շարք համալսարաններում, քանի որ լավ իրանագետ լինելու համար պետք է որոշ չափով նաև հնդկագետ լինել, օրինակ՝ հնագույն ձեռագրերն ուսումնասիրելիս անհրաժեշտ է տիրապետել նաև հնդկական սանսկրիտին:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը նշեց, որ նախորդ հանդիպումների ժամանակ արդյունավետ քննարկումներից հետո այս միջոցառումը հնդկագիտական կենտրոն բացելու ուղերձ է:
Դեսպանը նշեց, որ ծրագրի նպատակն է Հնդկաստանի մասին համապարփակ տեղեկատվություն հաղորդող նյութերի տրամադրումը հայ ուսումնասիրողներին: Այս նպատակով գրքերի խմբաքանակ է նվիրվել նաև «Զանգակ» գրատանը, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ին և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ուրախություն հայտնելով համագործակցության համար, ասաց. «Արևելագիտության ֆակուլտետում՝ Իրանագիտության ամբիոնում, մենք դնում ենք այն հիմքերը, որոնց վրա կառուցվելու է արևելագիտության կարևոր ուղղություններից մեկը՝ հնդկագիտությունը: Իմ վստահությունը հիմնված է այն պարզ իրողության վրա, որ Իրանագիտության ամբիոնն ունի այն ներուժն ու կազմակերպչական հմտությունները, որոնք հնարավորություն կտան ոչ միայն հիմնելու հնդկագիտության ուսումնասիրության կենտրոն, այլև տանելու այն զարգացման ուղով»:
Նա նշեց, որ մեծ պատիվ է հնարավորություն ունենալ ուսումնասիրելու հնագույն քաղաքակրթություններից մեկի լեզուն, հարուստ մշակույթն ու պատմությունը:
Մեջբերելով ՀՀ նախագահի խոսքերը, որոնք հնչել էին ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և գիտական հանրույթը միակարծիք են և համագործակցում են այս հարցի վերաբերյալ:
«Սա հետաքրքիր ու խորհրդանշական սկիզբ է: Այս լավ հիմքի վրա մենք վստահորեն կկարողանանք զարգացնել այս ուղղությունը»,- ամփոփեց Ռ. Մելքոնյանը:
Ելույթներից հետո դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց իր նվիրած գրքերը: