- Գլխավոր
- Նորություններ
- «ՕՊՏԻԿԱՅԻ ԵՎ ՖՈՏՈՆԻԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 26, 2018 | 17:05
Կրթություն
«ՕՊՏԻԿԱՅԻ ԵՎ ՖՈՏՈՆԻԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ 3-րդ մասնաշենքի Կոնֆերենց դահլիճում ընթանում է «Օպտիկայի և ֆոտոնիկայի սահմանները» խորագրով կազմակերպված դպրոցի 4-րդ օրը:
Մեզ հետ զրույցում դպրոցի կազմակերպիչներ Աստղիկ Կուզանյանը և Նարինե Գևորգյանը կիսվեցին դպրոցի նպատակների և այս ընթացքում գրանցած հաջողությունների մասին:
«Օպտիկայի և ֆոտոնիկայի սահմանները» դպրոցի ամենակարևոր նպատակներից մեկը ուսանողների շրջանում առկա ձեռքբերումներին և զարգացումներին ծանոթացնելն է:
«Նախաձեռնությունը կրում է պարբերական բնույթ,- նշեց Աստղիկ Կուզանյանը,- այն թվով արդեն 5-րդ դպրոցն է, որը կազմակերպվում է 2012 թվականից: Դպրոցը կենտրոնացած չէ մի բուհում կամ մի կազմակերպությունում, այն անցկացվում է տարբեր վայրերում, մենք համագործակցում ենք տարբեր կրթական հաստատությունների ու կազմակերպությունների հետ»:
Այս ընթացքում ուսանողներն արդեն իսկ հասցրել են ծանոթանալ ոլորտում առաջատար գիտնականների հետ, լսել նրանց դասախոսությունները ու կապեր հաստատել մի շարք առաջատար համալսարանների հետ:
«Մեր հիմնական նպատակն է հայ ուսանողներին ներգրավվել գիտության և տեխնիկայի համաշխարհային զարգացումների գործընթացներում, տեղեկացնել օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում նորությունների մասին, - ասում է Նարինե Գևորգյանը ,- ծրագրում հնարավորինս ներգրավվում ենք հայտնի համալսարանների պրոֆեսորներին»:
Առաջին անգամ 2012 թ.-ին կազմակերպված դպրոցի գլխավոր հյուրը հայտնի անգլիացի գիտնական Մայքլ Բերին էր:
Կազմակերպիչները խոսեցին նաև այն խնդիրների մասին, որոնք նրանք ստիպված են եղել հաղթահարել դպրոցի ստեղծման առաջին իսկ օրվանից մինչ այժմ:
«Այս տարվա հիմնական խնդիրներից մեկը ֆինանսավորման հետ էր կապված,- ասաց Նարինե Գևորգյանը:
Անդրադառնալով դպրոցի առաքելությանն ու նպատակներին՝ կազմակերպիչները նշեցին, որ եթե իրենք այս ընթացքում կարողացել են իրենց տրամադրած տեղեկատվությամբ և արտասահմանյան բուհերի հետ կապեր հաստատելով օգտակար լինել գոնե մեկ ուսանողի, ապա դա արդեն իսկ մեծ նշանակություն ունի իրենց համար:
«Այս ընթացքում մեզ համար նաև շատ կարևոր ձեռքբերում էր այն, որ մենք կարողացանք հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականների միջև համագործակցության հարթակ ստեղծել: Հիմա մենք արդեն ունենք այդպիսի համագործակցության մի քանի օրինակ, ինչի համար և շատ ուրախ ենք»,- ասաց Աստղիկ Կուզանյանը:
Նարինե Գևորգյանն էլ ավելացրեց, որ «Օպտիկայի և ֆոտոնիկայի սահմանները» խորագրով դպրոցն իր բովանդակությամբ եզակի է Հայաստանում:
Անի Պողոսյան