- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ». ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
Դեկտեմբեր 10, 2018 | 14:50
Կրթություն
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ». ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականությունում» խորագրով դասախոսություն, որն անցկացրեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ-փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը:
Վարդան Աթոյանն անդրադարձավ ուղեղային կենտրոնների ստեղծման պատմությանը և զարգացման փուլերին:
«Ուղեղային կենտրոնների առաջացումը պայմանավորված էր միջազգային հարաբերությունների բարդացմամբ,- պարզաբանում է փորձագետը,- պետությունների թվի ավելացման հետ զուգահեռ ի հայտ են գալիս վերազգային կազմակերպությունները, որոնք իրենց ազդեցությամբ չեն զիջում կամ նույնիսկ գերազանցում են որոշ պետությունների հնարավորություններին: Միանձնյա որոշումներ կայացնելու ինստիտուտն այլևս արդյունավետ չէր»:
Ըստ փորձագետի՝ հենց այդ ժամանակ ստեղծվեցին տարբեր կազմակերպություններ, որոնք սկսեցին իրենց ինտելեկտուալ առաջարկներով օգտակար լինել պետությանը և որոշում կայացնողներին:
«Ուղեղային կենտրոնների նախատիպեր եղել են Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի որոշ երկրներում, բայց, որպես ինստիտուտ, այն իր հիմքերն ու ավանդույթները ձևավորել է ԱՄՆ-ում: Ամերիկան այդ առումով շատ նպաստավոր էր, քանի որ որդեգրել էր ժողովրդական պետություն լինելու ուղին»:
Այստեղ ամենակարևոր պայմաններից է նաև այն, որ պետությունը ստեղծում է պահանջարկ մի արտադրանքի համար, որն ունակ են տրամադրել ուղեղային կենտրոնները:
«Ավտորիտար ռեժիմների դեպքում ուղեղային կենտրոնների գործունեությունն արդյունավետ չէ, քանի որ ռեժիմը մեծամասամբ միանձնյա որոշումներ կայացնելու համակարգ է ենթադրում, մինչդեռ ուղեղային կենտրոնների հիմնական աշխատանքը փորձագիտական հետազոտություն կատարելն ու խորհրդատվություն ներկայացնելն է»,- նշեց Վարդան Աթոյանը:
Հանրային քաղաքականության մեջ ուղեղային կենտրոններն իրականացնում են երեք հիմնական գործառույթ՝ հետազոտական-վերլուծական, կրթական և հաղորդակցային:
Ըստ փորձագետի՝ շատ կարևոր է, թե ինչպես է պետությունը կարգավորում ուղեղային կենտրոնների աշխատանքը:
«Պետության և ուղեղային կենտրոնների փոխհարաբերությունները պետք է լինեն հստակ և կայուն: Պետությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անի՝ աջակցելու ուղեղային կենտրոնների գործունեությանը, քանի որ ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու դեպքում ուղեղային կենտրոնները պետության համար կարող են ռազմավարական նշանակություն ունենալ»:
Վերջում փորձագետը ներկայացրեց ուղեղային կենտրոնների՝ ԱՄՆ-ում և Չինաստանում գործունեության հաջողված փորձը:
Անի Պողոսյան