- Գլխավոր
- Նորություններ
- ԲԻԶՆԵՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հուլիս 06, 2018 | 16:55
Կրթություն
ԲԻԶՆԵՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնն իր այս տարվա ուսումնական գործընթացն ամփոփեց դասախոսությամբ, որի հյուրը ԵՊՀ շրջանավարտ Մարինե Սիմոնյան Ազիզյանն էր, ով իր ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հիմա աշխատում է որպես իրավաբան և դասախոսում է:
Դասախոսության հիմանական թեման բիզնես իրավունքի հիմնախնդիրն էր: Բանախոսը մանրամասն ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք այսօր ունի բիզնես իրավունքը ամերիկյան բիզնես միջավայրում:
Դասախոսության ընթացքում քննարկվեցին մի շարք օրինակներ, երբ բիզնես միջավայրը կանոնակարգելու ու զարգացնելու համար հասարակության ու համացանցի արագ զարգացումները նպաստել են նոր օրենքների ստեղծմանը:
Մարինե Սիմոնյան Ազիզյանն անդրադարձավ նաև ֆեյսբուքին, խոսեց բիզնես դաշտում ֆեյսբուքի կողմից տրամադրած տեղեկատվության օգտագործելու մասին՝ նշելով՝ այն տեղեկատվությունը, որն օգտատերը տրամադրում են ֆեյսբուքին, օրինակ, ընտրությունների կամ մարկետինգային մարտավարության մշակման ժամանակ կարող է որպես զենք օգտագործվել, քանի որ տեղեկացված լինելը նշանակում է նաև «զինված» լինել:
ԵՊՀ շրջանավարտը խոսեց եվրոպական և ամերիկյան բոլոր այն օրինագծերի մասին, որոնք փորձում են կարգավորել բիզնես իրավունքը:
Ուսանողները բանախոսի հետ փորձեցին համեմատություններ անցկացնել Հայաստանի և Ամերիկայի օրենսդրության միջև, ներկայացրին այն գործոնները, որոնք ազդում են բիզնես միջավայրի իրավական կարգավորման վրա, հատկապես ինչ իրավական ակտերով են դրանք հիմնականում կարգավորվում, և ինչպես են միմյանց հետ համագործակցում սահմանադրությունն ու ֆեդերալ օրենքները:
Ներկաները քննարկում ծավալեցին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է բիզնես գործունեությունն ազդում իրավական գործընթացների վրա:
Քննարկվեցին նաև ներկայիս օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Բարեգործության մասին» ՀՀ նոր օրինագիծը:
Դասախոսության ընթացքում ուսանողներն ամենատարբեր հարցադրումներով ակտիվ մասնակցում էին քննարկմանը, ինչպես նաև արտահայտում էին սեփական տեսակետներն այս կամ այն օրինագծի մասին:
Անի Պողոսյան