- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբեր 15, 2018 | 16:47
Հասարակություն
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի կողմից կազմակերպված հերթական բարեգործական խաղերի մրցաշարը: Այսօր բարեգործական խաղին մասնակցում են ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի հաշմանդամություն ունեցող մարզիկները՝ իրենց հմտությունները փորձելով բասկետբոլում:
ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 3 տարի է՝ համալսարանում գործող ակումբը մշտապես իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել ուսանողների շրջանում ռազմական գիտելիքների հարստացմանն ու զարգացմանը. «Իրականացված ծրագրերի շրջանակում ուսանողները հնարավորություն են ստացել անցնելու տեսական և գործնական պարապմունքներ ռազմագիտության բնագավառում, փորձել են իրենց հնարավորությունները պայմանական մարտի դաշտում կրակային պատրաստությունից՝ անցնելով գործնական հրաձգության մի քանի պարապմունքներ»:
Նրա խոսքով, իրականացված ծրագրերի շարքում առանձնանում են բարեգործական բնույթի ծրագրերը, որոնց մեկնարկը տրվել է դեռևս նախորդ տարի. «Անցած տարի իրականացված բարեգործական ծրագրերի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի մարտական դիրքը համալրվել է արևային վահանակով»:
Նշենք, որ բարեգործական հաջորդ խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, ԵՊՀ ֆուտբոլի մարզադահլիճում: Բարեգործական խաղի տոմսի արժեքն է 500 դրամ:
Նրա խոսքով, բարեգործական խաղերից ստացված ողջ հասույթն ուղղվելու է 3 ուղղություններով՝ գումարի մի մասը տրամադրվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, իսկ մյուս մասը՝ առաջնագծի համար անհրաժեշտ պարագաներ գնելուն, որոնք ուղարկվելու են ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի մարտական դիրքեր:
Լիպարիտ Ղազարյանի կարծիքով, նմանատիպ մրցաշարերի անցկացումը նպաստում է բանակ-բուհ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան