- Գլխավոր
- Նորություններ
- ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ. ՔԻՄԻԱՅԻ ԴԵՐԸ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Նոյեմբեր 11, 2019 | 14:29
Հասարակություն
ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ. ՔԻՄԻԱՅԻ ԴԵՐԸ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը:
Նոյեմբերի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների և երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Վարդապետյանն ասաց, որ միջոցառման նպատակն է հանրամատչելի կերպով հանրությանը ներկայացնել քիմիայի դերը կյանքում, մասնավորապես՝ արտադրության տարբեր ոլորտներում, ինչպես նաև դիմորդներին ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:
«Ցուցադրությանն իրենց աշխատանքներն են ներկայացնում մեր ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև գիտահետազոտական տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ: Հուսով ենք՝ այս միջոցառմամբ կարող ենք ցույց տալ հանրությանը, որ բնական գիտությունների միջոցով մենք կարող ենք հասնել ավելիին՝ լուծելով տնտեսական, էկոլոգիական և կենցաղային խնդիրներ»,- ասաց Վլադիմիր Վարդապետյանը:
Ի դեպ, ցուցադրությանը ներկայացված են Վլադիմիր Վարդապետյանի և ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Գրիգորյանի կողմից աճեցված բյուրեղները, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ: Աստղիկ Գրիգորյանն ասաց, որ բյուրեղները դրվել են էմալների մեջ, որոնք պատրաստվում են սոճու խեժից: Վլադիմիր Վարդապետյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Ֆրանսիայում գործում է կազմակերպություն, որը, կիրառելով իրենց տեխնոլոգիան, արտադրում է զարդեր:
Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը ցուցադրությանը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ եղանակով թղթի արտադրությունը, որը, նրա փոխանցմամբ, օգուտ կտա երկրին տնտեսական և էկոլոգիական տեսանկյունից:
«Ես ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է քարից էկոլոգիապես և անվտանգ կերպով թղթի այլընտրանք ստանալ: Հումքի համար ընտրել ենք կրաքարը՝ կալցիումի կարբոնատը, իսկ որպես մյուս բաղադրիչ՝ կիրառել ենք բարձր ճնշման պոլիէթիլենը: Ստացված թուղթը կարելի է անվերջ վերամշակել, ինչը նշանակում է, որ այն ավելի մատչելի է»,- հավաստիացրեց Շուշաննա Վարդանյանը՝ հավելելով, որ այդպիսով կարելի է չվնասել բնությանը՝ չկտրելով ծառերը և վերամշակելով պլաստիկե թափոնները:
«Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսին ներկայացվում են նաև ջրի ախտահանման անվտանգ եղանակ, ոչ պիտանի անվադողերի վերամշակում՝ նոր արտադրական հումքի ստացմամբ, հեղուկ պարարտանյութերի, անվտանգ տեխնիկական մաքրող և լվացող նյութերի արտադրություն, կոսմետիկ օճառներ՝ պատրաստված դեղաբույսերի յուղերից և այլն:
Հիշեցնենք, որ ցուցադրությունը տեղի է ունենալու մինչը նոյեմբերի 13-ը, որը բաց է հանրության համար:
Քնար Միսակյան