- Գլխավոր
- Նորություններ
- «ՉԻՎՆԻՆԳ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Մարտ 29, 2019 | 15:44
Ուսանողական
«ՉԻՎՆԻՆԳ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Չիվնինգ» («Chevening») կրթաթոշակի մասին տեղեկատվական հանդիպում:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշանիկ Հարությունյանը ողջունեց ներկա ուսանողներին՝ ներկայացնելով կրթաթոշակը:
«Չիվնինգ»-ը միջազգային համակարգ է, որն ամբողջական կրթաթոշակ է տրամադրում առաջնորդության հատկանիշներ ունեցող ուսանողներին աշխարհի 160 երկրից՝ Մեծ Բրիտանիայում մագիստրոսական կրթություն ստանալու համար:
Կրթաթոշակին դիմելու և Մեծ Բրիտանիայում ուսումնառության իրենց փորձի մասին պատմում էին Վարդան Հարոյանը, Լաուրա Սիմոնյանը և Օֆելյա Թովմասյանը:
Արքայական քոլեջի շրջանավարտ Լաուրա Սիմոնյանը
Արքայական քոլեջի շրջանավարտ Լաուրա Սիմոնյանը պատմեց այն մասին, թե ինչպես է մերժվել առաջին անգամ կրթաթոշակի համար դիմելիս: Ըստ նրա՝ հանձնաժողովի մերժումը տեղին էր, քանի որ արդեն տարիներ անց գիտակցում է՝ այն ժամանակ պատրաստ չէր, չուներ հստակ նպատակ ու ծրագիր:
Ինչպես փաստեց Լաուրան, դա լավ դաս եղավ կյանքում կողմնորոշվելու և հստակ նպատակներ ձևակերպելու համար:
Կրթաթոշակին դիմելու նրբությունների մասին խոսեց Նոթինգհեմի համալսարանում սովորած Վարդան Հարոյանը՝ կարևորելով ինչպես տեխնիկական մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու հանգամանքը, այնպես էլ նամակում և հարցազրույցի ժամանակ յուրահատուկ լինելը:
Օֆելյա Թովմասյանը, որը կրթաթոշակի շրջանակում սովորել էր Լոնդոնի կինոդպրոցում, պատմեց լավագույն համալսարաններում սովորող ուսանողների վերաբերյալ կարծրատիպերի մասին, որոնք միանգամից անհետանում են անձնական շփման ժամանակ:
Կրթաթոշակակիրները, պատմելով հետաքրքիր միջադեպերի մասին և պատասխանելով ներկաների հարցերին, պատրաստակամություն հայտնեցին օգնել և ուղղորդել մյուսներին կրթաթոշակի դիմելու հարցում:
Մարի Ռաֆյան