- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ՏՆԿՎԵՑ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՎՆԻ
Հոկտեմբեր 30, 2019 | 18:33
Հասարակություն
ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ՏՆԿՎԵՑ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՎՆԻ
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Մեկդարյա Մայր բուհին նվիրված ծառատունկը նախաձեռնել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը, ՀԵՀԵՄ-ի ներկայացուցիչներ:
Խոսելով ծառատունկի նպատակի և եկեղեցի-համալսարան կապերի ամրապնդման մասին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց. «ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և ի նշանավորումն ԵՊՀ 100-ամյակի` երկուստեք առաջարկեցին ծառ տնկել՝ այդ կերպ նպաստելով նաև եկեղեցի-համալսարան կապերի ամրապնդմանը»:
Վերջինիս խոսքով, ծառատունկի վայրը ևս պատահական ընտրված չէ. «Եղևնին տնկվելու է մայրաքաղաքի «սրտում», իսկ համապատասխան ցուցանակը փաստելու է, որ մենք ունենք ոչ միայն 1718-ամյա եկեղեցի, այլև 100-ամյա Մայր բուհ»:
Մինչև ծառատունկի սկսելը համալսարանականները հանդիպեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանին:
Վերջինս ողջունեց համալսարանականներին, ինչպես նաև մշտադալար եղևնու տնկումը Սուրբ Աննա եկեղեցու բակում և հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի և Հայ առաքելական եկեղեցու համագործակցությունն ավելի է խորանալու:
ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված ծառատունկն արդեն երրորդն է:
«Ապրիլին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հիմնադրվեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված պուրակ, որտեղ տնկվեցին խորհրդանշական ընկուզենիներ, դրան հաջորդեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում օտարերկրյա հյուրերի կողմից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պուրակում եղևնու տնկումը, իսկ այժմ այստեղ անցկացվեց խորհրդանշական երրորդ ծառատունկը»,- ասաց պրոռեկտորը:
Նշենք, որ ծառատունկից հետո արևելագետները ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի հետ համագործակցության շրջանակում հանդես եկան Ստամբուլի Հայոց պատրիարքությանը նվիրված դասախոսությամբ:
Մեզ հետ զրույցում Վարուժան Գեղամյանը նշեց, որ նմանաբնույթ հանրային դասախոսությունները շարունակական բնույթ են կրելու, և համագործակցության ընթացքում իրականացվելու են նաև այլ ծրագրեր:
Անգին Խաչատրյան