- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱԺԱՆ ԿԱՏԱԿՆԵՐԸ՝ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՆՈՐ ԹՐԵՆԴ
Հունվար 09, 2019 | 16:54
Հասարակություն
ԴԱԺԱՆ ԿԱՏԱԿՆԵՐԸ՝ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՆՈՐ ԹՐԵՆԴ
Ռուս լրագրող Անաստասիա Անիսիմովան BBC-ի համար պատրաստել է հետաքրքիր հոդված, որով մարդկանց ուշադրությունն է հրավիրում համացանցում տարածվող նոր թրենդի՝ քլաութլայթինգի վրա։
Ի՞նչ է քլաութլայթինգը։ Համացանցում արագ տարածվում են տեսահոլովակները, որտեղ աղջիկները լաց են լինում կամ խիստ նյարդային վիճակում են հայտնվում իրենց զուգընկերոջ «կատակի» պատճառով։
Քլաութլայթինգ բառն առաջացել է երկու եզրույթների՝ «gaslighting»-ի և «clout»-ի համադրությունից։
Գազլայթինգ («gaslighting») բառն առաջացել է «Gaslight» ֆիլմի անունից և համարվում է հոգեբանական բռնության տեսակ, որով զոհին (հիմնականում՝ զուգընկերոջը) դիտավորյալ տրամադրվում է կեղծ տեղեկատվություն՝ հիշողությունների ու իրադարձությունների վերաբերյալ սեփական ընկալմանը կասկածելու նպատակով։
Քլաութ («clout») բառը խոսակցական ձև է, որը մատնանշում է մարդու ազդեցիկության աստիճանը՝ արտահայտված գումարով, սոցիալական ցանցերում հետևորդների թվով և ԶԼՄ-ներում հրապարակումների քանակով։
Այլ բառերով ասած՝ քլաութլայթինգը գազլայթինգի՝ համացանցում հայտնվելն է։ Մարդիկ դիտավորյալ ասում կամ անում են բաներ, որոնց պատճառով զուգընկերը կորցնում է ինքնատիրապետումը, հուզվում է, լացում, այնուհետև նկարահանում են դեպքը և տեղադրում սոցիալական որևէ հարթակում՝ ուրիշների ուշադրությունը գրավելու նպատակով։
Հաճախ քլաութլայթինգն արտահայտվում է կատակների միջոցով, երբեմն՝ վերբալ ճնշմամբ զուգընկերոջը ստիպելով որևէ բանի հավատալ։ Սպառնում են երեխային պատշգամբից նետել, խոստովանում են իրենց դավաճանությունը, պատմում են սիրելի կենդանու մահվան մասին և այլն. սրանք են քլաութլայթինգի օրինակները։
«Քլաութլայթինգ» եզրույթի հեղինակը բրիտանացի լրագրող Ջեսիկա Լինդսին է։ «Metro» ամսագրի մի հոդվածում նա մեկնաբանում է այդպիսի տեսանյութերից մեկը։ Բովանդակությունը հետևյալն է. աղջիկը լաց է լինում, քանի որ զուգընկերը կերել է կողամսի վերջին բաժինը, և ասում, որ լացում է ոչ թե կողամսի, այլ զուգընկերոջ պատճառով։ Ըստ Ջեսիկա Լինդսի՝ մեկնաբանությունները, բնականաբար, հիմնականում ծաղրական էին, սակայն դիտելիս ինքը նույնպես անհարմարություն է զգացել։ «Նմանաբնույթ տեսանյութերում զուգընկերոջ արատավոր վարքն է, որը ոչ ոք չի դատապարտում»,- ասում է նա։
Բացի հոգեբանական բռնությունից՝ զուգընկերները հաճախ կիրառում են ֆիզիկական բռնություն՝ շարունակելով նկարահանել մյուսի տառապանքը։
Ըստ մասնագետների՝ քլաութլայթինգն ուղղակի կատակ չէ: Սոցիալական ցանցերը մեծացնում են զոհի վրա զգացմունքային ճնշումը: Խիստ անձնական ապրումները, որոնց մասին սովորաբար անգամ ընտանիքի անդամներին չեն պատմում, դառնում են հազարավոր անծանոթ մարդկանց ուշադրության առարկա՝ ուղեկցված բազմազան մեկնաբանություններով, որոնք ստիպում են զոհին կասկածել սեփական արձագանքի համարժեքությանը:
Հոգեթերապևտ Թոբի Ինգամն ասում է, որ քլաութլայթինգը ստիպում է զոհերին մտածել, որ իրենց արձագանքը սխալ է, իրենք պետք է ծիծաղեն մյուսների նման, շուտ տպավորվող չլինեն:
Իհարկե, քլաութլայթինգի գլխավոր նպատակը սոցցանցերի օգտատերերի գնահատականն է, սակայն չի կարելի ամբողջ մեղքը բարդել համացանցի վրա, քանի որ ցանկացած բան կարելի է օգտագործել և՛ բարի, և՛ չար նպատակով: Բացի դրանից՝ պետք է հիշել, որ մարդկային արատավոր վարքը, թունավոր հարաբերությունները, ծաղրը և քննադատությունը գոյություն են ունեցել միշտ:
Հոգեբաններն այս երևույթի դրդապատճառներից են համարում այն, որ մարդիկ հաճախ չեն զգում դիմացինների հետ շփման անձնական սահմանը: Դրա պատճառ կարող է դառնալ նաև այն տարածված խնդիրը, որ մարդիկ չգիտեն՝ ինչպես արտահայտել դժգոհությունն ու չարությունը:
Հետաքրքիր է, որ «քլաութլայթեր» եզրույթը շրջանառության մեջ դրած Լինդսին չի շեշտադրում զոհի սեռը, սակայն ամենատարածված տեսանյութերում բռնություն կիրառողը տղամարդն է: Հաշվի առնելով գոյություն ունեցող այն կարծրատիպը, որ զգացմունքայնությունը կանանց «գործն» է, ենթադրելի է, որ տղամարդիկ, փոքր տարիքից սկսած, չգիտեն, թե ինչպես ինքնարտահայտվեն և հասկանան դիմացինների զգացողությունները:
Քլաութլայթինգի զոհերը կարող են նաև դիմել համապատասխան սոցիալական հարթակի ղեկավարություն՝ տեսանյութը ջնջելու խնդրանքով:
Այդուհանդերձ, հոգեբանները խորհուրդ են տալիս վերանայել այն հարաբերությունները, որտեղ գերիշխում է զգացմունքների ծաղրը:
Մարի Ռաֆյան