- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դեկտեմբեր 20, 2018 | 16:37
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կողմից հայտարարված նորարարական գաղափարների մրցույթի արդյունքներն ամփոփվեցին այսօր:
Նշենք, որ նորարարական գաղափարների մրցույթը հայտարարվել էր նոյեմբերին, որին ուսանողները և երիտասարդական խմբերը ներկայացրել էին 8 նորարարական գաղափար:
Նախապես ներկայացված հայտերից ընտրվել էին 5-ը. մանրէների միջոցով որոշ կենսավառելիքների ստացումը սուրճի թափոններից, կենսահանքարդյունաբերությունը՝ որպես պոչամբարների վերամշակման նոր ուղի Հայաստանում, հալվեի (aloe sp.) հյութի խթանող ազդեցության ուսումնասիրությունը ռուկոլաի (eruca vesicaria) սերմերի ծլունակության և աճի վրա, սնկային ծագման կենսաբանորեն ակտիվ միացությունների հավելումերով ըմպելիքների պատրաստում, կենսաջրածնի արտադրությունը բակտերիաների միջոցով տարբեր արտադրական թափոններից:
Միջոցառմանը մասնակցում էին պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Կարեն Թռչունյանը, դասախոսներ և ուսանողներ:
Հաղթող ուսանողները և երիտասարդական խմբերը ներկայացրեցին իրենց նորարակական գաղափարները, որից հետո ստացան խրախուսական նվերներ:
Ալեքսանդր Եսայանը նշեց, որ մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողների նորարարական գաղափարները, իսկ հետագայում աջակցել դրանք իրականացնելու համար:
Գեղամ Գևորգյանը, կարևորելով նմանատիպ մրցույթները, ասաց, որ Կենսաբանության ֆակուլտետում ուսանում են ստեղծագործող և նորարարական գաղափարներ ունեցող ուսանողներ:
Ռուբեն Մարկոսյանը նույնպես կարևորեց այս մրցույթը և հայտնեց, որ բուհի ղեկավարությունը կփորձի աջակցել երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը:
Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կիրառական նշանակություն ունեցող այս մրցույթն անցկացվել է երկու փուլով. «Առաջին փուլում ընտրված գաղափարները՝ ըստ ուղղվածության, ունեցել են իրենց ղեկավարները, իսկ արդեն երկրորդ փուլում ընտրվել են մրցույթի հաղթողները: Այս մրցույթն օգնում է ուսանողներին, որ իրենց տեսական գիտելիքները կիրառեն գործնականում»:
Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանի խոսքով, մրցույթը կկրի շարունակական բնույթ. «Մենք ցանկանում ենք, որ ուսանողները ոչ միայն դասընթացներին մասնակցեն, այլև նոր գաղափարներ առաջարկեն, իսկ մենք հնարավորինս կնպաստենք դրանք իրագործելու համար»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան