- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Ապրիլ 06, 2019 | 23:01
Կրթություն
ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Դեպի Արցախ համալսարանականների եռօրյա այցի շրջանակում ապրիլի 6-ին Արցախի Ազգային Ժողովում տեղի ունեցավ «Այսրկովկասի տարածաշրջան. մարտահրավերներ և արդի զարգացումներ» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և ՈՒԳԻ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած գիտաժողովին զեկուցվեցին և քննարկվեցին թեմաներ, որոնք վերաբերում էին Արցախի հիմնախնդրին, Հայաստանի անվտանգային հարցերին, տարածաշրջանի զարգացման միտումներին և հայ հասարակության առջև ծառացած մարտահրավերներին:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ այս գիտաժողովը մեկն է այն միջոցառումներից, որոնք նվիրված են ԵՊՀ 100-ամյակին. «Խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում Արցախում, այն էլ Ազգային Ժողովի շենքում: Սա պարտավորեցնող է»:
Արամ Սիմոնյանը գոհունականությամբ փաստեց, որ գիտաժողովին մասնակցում են և՛ դասախոսներ, և՛ ուսանողներ. «Միևնույն ժամանակ անկեղծորեն հավատացած եմ, որ զեկուցումներն ունեն գիտական պատշաճ մակարդակ, և կարող են նպաստել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Արցախի անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ տեսական ու պրակտիկ հարցադրումներին լուծումներ տալուն»:
«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակահատվածում: Կովկասը միշտ էլ դժվար իրավիճակներում է եղել, հատկապես Այսրկովկասը: Դարերի ընթացքում այս տարածաշրջանը եղել է տարբեր աշխարհակալ պետությունների ուշադրության և հետաքրքրությունների, նրանց շահերի կենտրոնում»,- ասաց Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ այժմ տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունն այնքան մեծ է, որ դրա հետ կարող են համեմատվել թերևս 20-րդ դարասկզբի իրադարձությունները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Անի Հակոբյանը փաստեց, որ այս գիտաժողովը միակը չէ, որը նվիրված է ԵՊՀ 100-ամյակին. «Սեպտեմբերին նախատեսում ենք անցկացնել ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովը, որը նույնպես կնվիրենք բուհի հոբելյանին»:
ՈՒԳԸ քարտուղար Մելինե Պետրոսյանն էլ փաստեց, որ այս գիտաժողովի զեկուցումները տեղ կգտնեն ԵՊՀ 100-ամյակին նվիրված ժողովածուում:
Գիտաժողովի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստագրեր հանձնեց զեկուցողներին:
Քնար Միսակյան