- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոկտեմբեր 05, 2022 | 14:42
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ գիտնականները մասնակցել են «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով արդիական թեմաներով զեկուցումներ:
Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում կայացած գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 70 գիտնականներ` աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանից (Մոսկվա), Ավեյրոյի համալսարանից (Պորտուգալիա), Գենտի համալսարանից (Բելգիա), Բրեմենի համալսարանից (Գերմանիա) և այլն:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր
Սահակյանը, կազմկոմիտեի նախագահ պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը և այլ գիտնականներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է, որ այս գիտաժողովը նոր հնարավորությունների առիթ է, և օտարերկրյա գիտնականների ներկայությունն ազդարարում է նոր համագործակցությունների մասին։ Գիտաժողովն առանձնահատուկ է մի շարք առումներով. այստեղ ներկայացվելու են ոչ միայն մաթեմատիկական ճշգրիտ հավասարումներ, այլև կիրառական նշանակություն ունեցող թեմաներով գիտական ուսումնասիրություններ։
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները կրկնակի գրախոսում անցնելուց հետո հոդվածների տեսքով հրատարակվելու են միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Journal of Mathematical Sciences» («Scopus», «Springer nature») ամսագրում։ Ռեկտորի խոսքով՝ ԵՊՀ-ում մշտապես խրախուսվում է գիտական հետազոտության կատարումը, հատկապես միջազգային գիտական ասպարեզում տվյալ հետազոտությունների արդյունքների ամփոփումը հոդվածների տեսքով։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի՝ ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, ֆ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում կարևորեց այսօրինակ գիտաժողովների դերն ու նշանակությունը ոլորտի զարգացմանը նպաստելու տեսանկյունից:
Մաթեմատիկոսը, ընդգծելով գիտաժողովի առավելությունները, նշեց․ «Գիտաժողովը հնարավորություն տվեց ընդլայնելու համագործակցության շրջանակը օտարերկրյա մասնագետների հետ: Այն համախմբել էր ոլորտի լավագույն մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից: Բացի դրանից՝ հատկանշական է, որ մասնակիցների մի մասը երիտասարդներ էին: Սեպտեմբերի 19-23-ը նրանք ամրապնդեցին կապը ոլորտի ավագ մասնագետների հետ և ստանալ մասնագիտական խորհուրդներ»։
Անդրադառնալով գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումների թեմաներին և դրանց կարևորությանը՝ պրոֆեսորը փաստեց, որ դրանք ունեն կիրառական կարևոր նշանակություն:
Ամփոփելով խոսքը՝ պրոֆեսորն ասաց․ «Կային զեկուցումներ, որոնք վերաբերում էին ժամանակակից կապի հաղորդակցությանը, մասնավորապես ռազմական կապերի զարգացմանը, մաթեմատիկական կենսաբանության մեջ ծագող ոչ գծային ինտեգրալ և ինտեգրոդիֆերենցիալ հավասարումներին, գազերի կինետիկ տեսությանը, որոնք, ինչպես վերը թվարկված թեմաները, նույնպես կարևոր են ժամանակակից օդանավերի և թռչող սարքերի զարգացման գործում»։
Նշենք, որ սեպտեմբերի 19-23-ն անցկացվածմիջազգային գիտաժողովին ֆինանսապես աջակցել են Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն, «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամը, ՌԴ Կրասնոյարսկի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը, Դոնի Ռոստովի հարավային ֆեդերալ համալսարանը: