- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԵԶՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հոկտեմբեր 15, 2022 | 19:20
Կրթություն
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԵԶՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացվում է «Լեզուն և կրթությունը միջազգային հարաբերություններում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացնում Հայաստանի և արտերկրի՝ երեք տասնյակից ավելի գիտնականներ ու հետազոտողներ:
Միջազգային գիտաժողովի նպատակն է համախմբել միջազգային հարաբերությունների, լեզվի ուսուցման և կրթության ոլորտի մասնագետներին, գիտնականներին և հետազոտողներին՝ իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ գաղափարներ փոխանակելու, փոխշահավետ համագործակցության և իրենց դասավանդած առարկաների հետագա զարգացումները քննարկելու համար։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի անունից բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկանի տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Ժակ Մանուկյանը:
Կարևորելով գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումների արդյունքների կիրառումը գիտակրթական գործընթացում՝ Ժ. Մանուկյանն ընդգծեց. «Հուսով եմ՝ այս գիտաժողովը հնարավորություն կտա օտարերկրյա մասնագետներին ավելի լավ ծանոթանալու ԵՊՀ-ի և ՀՀ մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կատարած աշխատանքներին ու գործունեությանը: Գիտաժողովը համատեղ քննարկումների շնորհիվ նոր մտքեր և գաղափարներ առաջ քաշելու հրաշալի հարթակ է, որը կնպաստի նաև համատեղ աշխատանքի և համագործակցության հեռանկարներ ստեղծելուն»։
Անդրադառնալով գիտաժողովում օտարերկրյա բազմաթիվ մասնակիցների ներգրավվածությանը՝ ֆակուլտետի դեկանի տեղակալը մեզ հետ զրույցում նշեց, որ դա վկայում է միջազգային մակարդակով ԵՊՀ-ի նկատմամբ եղած մեծ հետաքրքրության և բուհի ունեցած բարձր հեղինակության մասին։
«Երևանի պետական համալսարանի, մասնավորապես միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար գիտաժողովը մեծ նշանակություն ունի: Ֆակուլտետն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բուհի միջազգայնացման հարցին՝ միաժամանակ կարևորելով կատարված հետազոտությունների արդյունքների կիրառումը դասապրոցեսում: Սրանով պայմանավորված՝ գիտաժողովը կրկնակի է կարևորվում, որովհետև ներկայացված տեսակետներն ու դրույթները, որոնք առաջ են քաշում ոլորտի մասնագետները, ապագայում կկիրառվեն ֆակուլտետում օտար լեզուներ դասավանդելիս»,- կարևորեց Ժակ Մանուկյանը:
Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները համակարգել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը: Վերջինիս խոսքով՝ 21-րդ դարում ուսուցումը չպետք է կազմակերպվի պարզապես դասախոսությունների միջոցով․ անհրաժեշտ է նորարարական մեթոդների կիրառում՝ առավել արդյունավետ և ինտերակտիվ դասապրոցեսի համար:
«Նորարարական մեթոդները հետզհետե ավելի ու ավելի են կարևորվում մեր կրթական ծրագրերում և այս միջազգային գիտաժողովի ընթացքում կփորձենք հասկանալ և քննարկել այդ նորարարական մեթոդների կիրառման արդյունավետությունը, դրանց միջոցով ստացված արդյունքներն ու փորձի փոխանակումը»,- նշեց Ս. Նավասարդյանը:
Գիտաժողովի զեկուցողներից էր ԵՊՀ-ում գերմաներեն դասավանդող, «DAAD»-ի ներկայացուցիչ Դանիել Լեպետին, որը ներկայացրեց «Ազգային ինտեգրացիան և լեզվական քաղաքականությունը Խորհրդային և հետխորհրդային Կենտրոնական Ասիայում» թեմայով հետազոտություն: Իր ուսումնասիրության արդիականության մասին խոսելիս հետազոտողը նշեց, որ փորձել է հասկանալ, թե ինչպես են լեզուները դառնում ազգային և թե ինչպես կարելի է պետական մակարդակով աջակցել գործընթացին։
«Իմ աշխատանքով փորձել եմ հանրայնացնել և օգնել այն մասնագետներին, որոնք հետաքրքրված են այսօրինակ թեմաների ուսումնասիրությամբ՝ այդպիսով խթանելով նաև ավելի շատ հետազոտությունների կատարումը: Ինձ համար շատ կարևոր և հետաքրքիր է խորհրդակցել տարբեր երկրների իմ գործընկերների հետ, իմանալ դասավանդման նոր մեթոդներ և հասկանալ, թե Հայաստանում և այլուր ինչպես են ուսուցանվում լեզուները»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Լեպետին:
Վրաստանի տեխնիկական համալսարանի դոցենտ Թամար Լոլաձեի «Վրաստանի տեխնիկական համալսարանում դասավանդման և ուսուցման նորարարական մեթոդների խթանումը» թեմայով հետազոտությունը կորոնավիրուսի ընթացքում ուսուցման ու դասավանդման նոր մեթոդների կիրառման վերաբերյալ էր, որտեղ հեղինակը ներկայացրել է իրենց համալսարանի փորձը:
Անդրադառնալով ՀՀ-ում կազմակերպված գիտաժողովի նշանակությանը և մատնանշելով փորձի փոխանակման կարևորությունը՝ դոցենտն ասաց․ «Այսպիսի գիտաժողովները հրաշալի հնարավորություն են ոչ միայն հանդիպելու և ծանոթանալու տարբեր երկրների հետազոտողների հետ, այլև փոխանակելու մեր փորձը և պլանավորելու հետագա համագործակցությունը»։
«Արաբերենը միջազգային հարաբերությունների մասնագետների վերապատրաստման ուսումնական ծրագրերում» թեմայով հետազոտության հեղինակն էր Սանկտ Պետերբուրգի համալսարանի արաբական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Օլեգ Րեդկինը:
Օ. Րեդկինը, խոսելով արաբերենի լայն կիրառության մասին, ընդգծեց, որ արաբերենն այժմ միջազգային մի շարք կազմակերպությունների պաշտոնական լեզուներից մեկն է և ունի իր ուրույն տեղն ու նշանակությունը միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրերում։
«Արևելքի երկրների հետ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի զարգացումը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում ծրագրերի ընդլայնման համար, որոնք ապահովում են արաբերենի ուսուցման ոլորտի և առհասարակ լեզվական հմտությունների զարգացում, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների ոլորտով հետաքրքրված ուսանողների շրջանում»,- փաստեց պրոֆեսորը:
Նշենք, որ սա այս տարվա ընթացքում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած երկրորդ միջազգաին գիտաժողովն է․ առաջինն անցկացվել էր ընթացիկ տարվա մայիսին: Այն կազմակերպել էին ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները, որը մեծ արձագանք էր ստացել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գիտական հանրույթի շրջանում: