- Գլխավոր
- Նորություններ
- ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Մարտ 18, 2022 | 16:35
Հասարակություն
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Յունիքիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վրեժ Օհանյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ներուժը քիմիայի տարբեր ուղղություններով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման համար:
Ըստ համագործակցության նոր համաձայնագրի՝ երկու կառույցներն այսուհետ միավորելու են ջանքերը՝ կենցաղային քիմիայի, քիմիայի և այլ ոլորտներում իրականացնելու բակալավրական և մագիստրոսական համատեղ ծրագրեր, ստեղծելու ուսումնալաբորատոր և ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, փոխանցելու մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը, ամբիոնի գիտաշխատող Վլադիմիր Վարդապետյանը և ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արթուր Նիգարյանը:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց համաձայնագրով սահմանված դրույթներն ամբողջ ծավալով կյանքի կոչելու կարևորությունը՝ ընդգծելով, որ այսօրվա զարգացող աշխարհում իրապես որակյալ մասնագետներ ունենալու համար գործարար աշխարհը պետք է մասնակից դառնա կրթական գործընթացին:
Ըստ ռեկտորի՝ քիմիան այն ոլորտն է, որի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար, և որ հաստատված համագործակցությունը նպաստելու է էլ ավելի որակյալ կադրերի պատրաստմանն ու գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:
Վրեժ Օհանյանի խոսքով, ընկերությունը և Քիմիայի ֆակուլտետը վաղուց են համագործակցում մի շարք ուղղություններով: Ըստ նրա՝ այս համաձայնագրով նոր ծրագրերի իրագործման և գիտական ձեռքբերումները գործնականում կիրառելու հնարավորություններ կբացվեն:
Կարինե Նազարյանի խոսքով, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր պատրաստելու գործում ֆակուլտետի գործունեությունն առավել արդյունավետ կդառնա բուհի և ընկերության միջև հաստատված համագործակցությամբ:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է նաև «Յունիքիմ» ընկերության հետ նոր լաբորատորիայի ստեղծում, որը հնարավորություն կտա նպաստելու քիմիական արտադրության տարբեր ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանը, վերլուծությունների իրականացմանը, հումքի տեխնիկական ցուցանիշների որոշմանը, որակի գնահատմանը: