- Գլխավոր
- Նորություններ
- Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հունիս 20, 2019 | 19:54
Հասարակություն
Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցություն հաստատելու ուղղությունները:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը:
Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանը և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը պատրաստվում են կազմակերպել ուսանողական պրակտիկաներ, մշակել գիտահետազոտական և կրթական համատեղ նախագծեր ու իրականացնել դրանք:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ-ն ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան համագործակցում են շատ վաղուց: «Տարիներ շարունակ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ԵՊՀ շրջանավարտներն են, դասավանդել են համալսարանում: Կարծում եմ, որ այս ավանդույթը շարունակական կլինի: Իսկ կնքված պայմանագրի արդյունքում համագործակցությունն էլ ավելի կակտիվանա»,- հավելեց Գ. Գևորգյանը:
«Գիտահետազոտական համագործակցության շրջանակում համատեղ կիրականացվեն տարբեր փորձեր, որտեղ կընդգրկվեն ԵՊՀ ուսանողները, դասախոսները և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատողները: Նախատեսվում է համատեղ մշակել մագիստրոսական ծրագիր, որի շրջանակում դասախոսություններ կկարդան և՛ ԵՊՀ դասախոսները, և՛ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները: Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողները իրենց գործնական պարապմունքները կանցկացնեն Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում և ԵՊՀ-ում»,- ասաց Արփինե Փիլոյանը:
Անի Ապրահամյանի խոսքով, հանրապետության գիտական կենտրոնները, համատեղ ծրագրեր իրականացնելով, կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել:
Ռաֆիկ Հակոբյանի կարծիքով, այս համաձայնագիրը նոր շունչ կհաղորդի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի միջև արդեն իսկ հաստատված համագործակցությանը: «Այս համագործակցության շրջանակում կօգտագործվեն երկու կողմերի լաբորատորիաները, կիրականացվի նաև կադրերի փորձի փոխանակում, ինչպես նաև կմշակվեն համատեղ կրթական և գիտական ծրագրեր»,- հավելեց նա:
Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՊՀ կոնֆերենց դահլիճում Անի Ապրահամյանը ներկայացրեց Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ուղղությունները, նվաճումները, փորձարարական բազան: