- Գլխավոր
- Նորություններ
- ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
Նոյեմբեր 28, 2018 | 17:49
Հասարակություն
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց:
Դասընթաց-սեմինարի նպատակն էր Հայաստանում զարգացնել բլոքչեյն ոլորտի նորարական տեխնոլոգիաները:
Սեմինար-դասընթացը վարում էր ոլորտի փորձառու մասնագետ Փիթեր Միկկելսենը:
Վերջինս սեմինարի ընթացքում ներկայացրեց կրիպտոարժույթների ստեղծման և զարգացման պատմությունը, ինչպես նաև բլոքչեյն տեխնոլոգիաների հետ ունեցած կապը:
«Կրիպտոարժույթը վճարային միջոց է, որն ունի ապակենտրոնացված հաշվառում և պարունակում է գաղտնագրված տեղեկություն, այն հնարավոր չէ կրկնօրինակել, այստեղից էլ առաջացել է վերջինիս «կրիպտո» անվանումը»,- ներկայացրեց բանախոսը:
Բլոքչեյնն իրենից ներկայացնում է բլոկների հավաքածու, որտեղ ամեն մի բլոկ կապված է նախորդի հետ և պաշտպանված է ինտերնետային «հարձակումներից»։
Բլոքչեյն տեխնոլոգիաները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին կրիպտոարժույթները ղեկավարելու համար, ժամանակի ընթացքում ընդլայնել են իրենց գործունեության ոլորտը:
Այժմ բլոքչեյն տեխնոլոգիաներն օգտագործվում ենք նաև վճարումների, դրամական փոխանցումների համակարգերում, ինչպես նաև բժշկական տարբեր ծառայությունների մատուցման բնագավառներում:
Մեզ հետ զրույցում «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության գործադիր օգնական Էլեն Միքայելյանը նշեց, որ իրենց ընկերության համար առաջնահերթ է արդյունավետ համագործակցություն սկսել համալսարանների հետ, քանի որ նախատեսում են բացել նաև բլոքչեյն կենտրոններ:
«Մեզ համար հատկանշական է այն, որ հնարավորություն ունենք նմանաօրինակ սեմինար անցկացնել ԵՊՀ-ում, քանի որ այստեղ առկա մասնագիտություններն ու մասնագիտացումները հնարավորություն են տալիս բլոքչեյնն ուսումնասիրել և կիրառել ամենատարբեր ոլորտներում»,- ասաց Էլեն Միքայելյանը:
Սեմինարի վերջում ուսանողները հնարավորություն ունեցան թեմային վերաբերող հարցեր տալ, ինչպես նաև արտահայտել սեփական մտքերը և գաղափարները:
Անի Պողոսյան