- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
Օգոստոս 06, 2022 | 15:34
Հասարակություն
Մշակույթ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև համաշխարհային քրիստոնեական հնագույն ժառանգության մաս են կազմում։
Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ․ մարտի 4-ին ստվարաթիվ գիտնականների կողմից հրապարակված կոչն էր՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողներրի։ Այն մատնացույց էր անում տեղի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության խիստ վտանգվածությունը։
Դրանից առաջ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանացի կաթոլիկների կենտրոնական կոմիտեն և Ռենովաբիս արևելաեվրոպական օժանդակության հիմնադրամը, հռչակագրեր էին հրապարակել հայ բնակչության տառապանքի և մշակութային ժառանգության վտանգված լինելու վերաբերյալ։ Եվրոպայի խորհուրդը Խորհրդարանական համաժողովի (PACE)՝ 2021 թ․ սեպտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչպես նաև ԱՄՆ պետական դեպարտամենտը 2022 թ․ հունիսի 2-ի զեկույցում, որը վերաբերում էր Ադրբեջանում կրոնական ազատությանը, նույնպես արտահայտել են իրենց դիրքորոշումը։
Այնուհետև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը, 2021 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ, Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության կոթողների պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար։ Ի վերջո, 2022 թ․ մարտի 10-ին Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից շարունակվող այն քաղաքականությունը, որն ուղղված է Արցախում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը և առհասարակ վերջինիս գոյության ժխտմանը։
Այս ամենի դրդապատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ծակուռի գյուղի 12-րդ դարի Ս․ Աստվածածին հայկական եկեղեցի այցի ժամանակ արված հայտարարությունն է առ այն, որ այնտեղից հեռացվելու են հայերեն վիմագիր արձանագրությունները։ Բացի դրանից՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը 2022 թ․ փետրվարի 3-ին իրազեկել է աշխատանքային մի խմբի ստեղծման մասին, որը բացահայտորեն օրինականացնելու է տարածաշրջանում հայկական մշակութային բոլոր արժեքների համակարգված ոչնչացումը։
Հայտնի է նաև այն, որ 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ բարձր ճշգրտություն ունեցող զենքով հրթիռակոծել և լրջորեն վնասել են Շուշիի Ս․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը: Ավերվել է նաև Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը հսկողության տակ են վերցրել քաղաքը։ Վնասվել, պղծվել և ավերվել են նաև ուրիշ եկեղեցիներ, արձանագրություններ ու խաչքարեր։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ոչնչացվել են ժամանակակից և պատմական մի քանի գերեզմանատներ:
Ադրբեջանն արդեն իսկ ոչ վաղ անցյալում ոչնչացրել է Նախիջևանյան էքսկլավի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, ինչն իր մեջ ներառում է Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ամբողջական ավերումը:
Մենք՝ գիտաժողովի մասնակիցներս, դիտարկում ենք, որ հայկական նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներն Արցախում և նրա շուրջ խիստ վտանգված են։
Մենք կոչ ենք անում, որ՝
1. բոլոր քաղաքական և հասարակական դերակատարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները ներգրավվեն Արցախում և նրա շրջակայքում մշակութային արժեքների ու վտանգված բնակչության պաշտպանության գործում,
2. բոլոր որոշում կայացնողները մշակութային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցության նախապայման,
3. ներկայում հակամարտության կարգավորման շուրջ և խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում նաև հաշվի առնվեն արցախահայության իրավական շահերը․ միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել մշակութային արժեքների և մարդու իրավունքների կայուն պաշտպանությունը, ինչն Ադրբեջանը պարտավոր է կատարել՝ միջազգային իրավունքի համաձայն,
4. ապահովվի, որ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները բարձրացնեն նաև պատմության վերանայման, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախում մշակութային արժեքների վտանգվածության և ոչնչացման խնդիրները, երբ Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնություններ կնքվում,
5. Ադրբեջանը անսահմանափակ իրավունք տա գիտնականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային մյուս կազմակերպություններին այցելելու Արցախում և շրջակա տարածքներում գտնվող մշակութային կոթողներ, ինչպես նաև չարգելի հավատացյալների մուտքը պաշտամունքի վայրեր:
Նախաձեռնության կազմակերպիչների և մասնակիցների տվյալները՝ այստեղ: