- Գլխավոր
- Նորություններ
- «ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Հոկտեմբեր 22, 2021 | 15:53
Գիտություն
«ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր Ֆարմացիայի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ֆարմացիայի արդի ձեռքբերումները» II միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի հիմնական նպատակներն էին ներկայացնել ֆարմացիայի ոլորտում գիտական զարգացումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անվանի մասնագետների, գիտնականների, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և երիտասարդ հետազոտողների հետ բաց երկխոսության հնարավորության ընձեռումը:
«Այսօր բոլորս ականատես ենք, թե ինչ բարդ գործընթացներ են կատարվում աշխարհում՝ մարդկությանը կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև: Վտանգներին դիմակայելու միակ տարբերակը համախմբվելն է՝ համաշխարհային գիտական ներուժն օգտագործելով խնդիրների հաղթահարման գործընթացում: Ուստի այսպիսի գիտաժողովները յուրահատուկ հարթակ են մտքերի և հետազոտական արդյունքների փոխանակման, ինչպես նաև նոր ծրագրերի մշակման համար: Մեր ուշադրության կենտրոնում է նաև ֆարմացիայի ժամանակակից ճյուղերից մեկը՝ դեղերի մոնիտորինգի և վերահսկողության ոլորտը, որի ուղղությամբ ԵՊՀ-ում լուրջ աշխատանքներ են ընթանում: Այս բոլորն անշուշտ կամրապնդեն նաև հայկական և միջազգային ակադեմիական ու արտադրական հաստատությունների միջև համագործակցության կապերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի հիմնադիր Աշոտ Սաղյանը և հավելեց, որ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ նախատեսում են նմանօրինակ միջոցառումները դարձնել շարունակական:
Աշոտ Սաղյանն ընդգծեց նաև, որ մասնագետները հնարավորություն ունեն միջազգային գիտաժողովին մասնակցելու առցանց տարբերակով. «Ցավոք, համավարակը թույլ չի տալիս լիարժեք համախմբվել, սակայն ուրախ եմ, որ մեր վաղեմի գործընկեր Բելգորոդի համալսարանի երիտասարդ հետազոտողները, այնուամենայնիվ, կարողացել են ժամանել Մայր բուհ»:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այսօր գիտության և կրթության ոլորտի կարևոր շեշտադրումներից են գիտական մտքի անընդհատ շրջանառությունն ու մտքերի փոխանակումը:
«ԵՊՀ ղեկավարությունը մշտապես հետևողական է համալսարանում միջազգային գիտաժողովների ու քննարկումների կազմակերպման գործում: Պետք է ասել, որ չնայած Ֆարմացիայի ինստիտուտը նոր կառույց է, սակայն արդեն իսկ հաջողված օրինակ է դարձել գիտական հաստատությունների ու ինստիտուտների համար, մասնավորապես մագիստրոսական ծրագրերի նախագծման ու գործարկման տեսանկյունից: Մեծ գոհունակությամբ նշեմ նաև, որ Աշոտ Սաղյանի և մեր գործընկեր կազմակերպությունների ջանքերով, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք ժամանակակից սարքավորումներով կահավորված լաբորատորիա ունենք, որը ծառայելու է ոչ միայն համալսարանականներին, այլև հայաստանյան գիտական այլ կառույցներին»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը և հավելեց, որ մասնավոր հատված-բուհ համագործակցությունը կենսական նշանակություն ունեցող այն բաղադրիչն է, որն ուղղակի ազդեցություն ունի որակյալ կադրերի պատրաստման գործում:
«Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բարոնյանն էլ նշեց, որ գլխավոր նպատակներից է Հայաստանում ապահովել լավ արտադրական պրակտիկա. «Մենք պետք է աշխարհի օրենքների հետ համահունչ քայլենք, ինչը մեզ թույլ կտա որակյալ ապրանք արտահանել Եվրոպա և այլ առաջատար երկրներ: Այս գործը լուրջ ներդրումներ է պահանջում և առաջին հերթին՝ կրթության ոլորտում: Ուստի շատ եմ կարևորում նմանաբնույթ հանդիպումները»:
Միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Լիկվոր» դեղագործական ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը. «Մենք բարձր ենք գնահատում Աշոտ Սաղյանի ծավալած գործունեությունը, որը համախմբում է գիտության և արդյունաբերության ոլորտի մասնագետներին: Ուստի պատրաստակամ ենք բոլոր հնարավոր միջոցներով մշտապես աջակցելու Մայր բուհին, որը ֆարմացիայի ոլորտում իսկապես որակյալ կադրեր է պատրաստում: Եվ ամենակարևորը՝ մենք կանգնած ենք այն ուսանողի կողքին, որը, կրթություն ստանալով արտասահմանյան բուհերում, իր գիտելիքն ու մտավոր ներուժը ծառայեցնում է հայրենիքի բարօրությանը»:
Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սամվել Վարդապետյանն արդյունավետ աշխատանքային օր մաղթեց գիտաժողովի մասնակիցներին, ինչից հետո մասնագետները զեկուցումներ ներկայացրին ֆարմացիայի ոլորտի արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
Հավելենք, որ միջազգային գիտաժողովի համատեքստում քննարկվեցին նաև գիտական և նորարարական (ներդրումային) հարցեր, համատեղ նախագծերի մեկնարկի և իրականացման մի շարք հնարավորություններ: