- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Հոկտեմբեր 07, 2022 | 13:05
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչ Դանիել Լեպետին հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք ուսանողներին կընձեռվեն Գերմանիայի բուհերում կրթություն ստանալիս:
Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների և նրանց ուսանողական մարմինների անկախ կազմակերպության ներկայացուցիչ Դ. Լեպետին գերմաներեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում։
Հրավիրյալ դասախոսն ուսանողների հետ հանդիպման սկզբում խոսեց գերմանական կրթության որակի, ընձեռվող հնարավորությունների ու հեռանկարների մասին:
Դ. Լեպետին ուսանողներին պատմեց «DAAD»-ի մասին՝ նշելով, որ այն գերմանական բուհերից կազմված համընդհանուր մարմին է, որը միջազգային ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում:
Ընդգծելով Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մեծարժեքությունը՝ նա ներկայացրեց Գերմանիայի 423 համալսարաններից և քոլեջներից որևէ մեկում կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան իրենց ստացած գիտելիքները կիրառելու գործնականում՝ դրանք առավել ամրապնդելով, հմտանալով և մտավոր ներուժը զարգացնելով։
Դ. Լեպետին հանգամանորեն անդրադարձավ Գերմանիայի կրթական ծրագրերին, ուսումնական կրթաթոշակներին, իսկ հանդիպման վերջում պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Ուսումնական ծրագրերի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով՝ www.hochschulkompass.de/en, www.daad.de/che-ranking: Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ․ հոկտեմբերի 28-ը։
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության ջանքերով:
Հավելենք՝ «DAAD»-ը Հայաստանում գործում է 1999 թվականից, իսկ գրասենյակը պաշտոնապես հիմնվել է 2000 թվականին: