- Գլխավոր
- Նորություններ
- ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
Դեկտեմբեր 10, 2018 | 13:41
Մշակույթ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
«Արի մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։
![Dance-competition-2018](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/5xhCD5ZAkbj6TrSTmevk9D2GCf.jpg?h=bccd1fa5&itok=28Me1EN_)
Այսօր բեմում մրցեց 17 ֆակուլտետ, ժողովրդական ոճում՝ 7, իսկ ազատ ոճում՝ 10 մասնակից:
ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, որոնք հետագայում դառնալու են միջհամալսարանական տարբեր միջոցառումների և համերգների մասնակիցը: «Մենք ցանկանում ենք համալսարանական կյանքն ավելի հետաքրքիր դարձնել: Մրցույթն արդեն ավանդական բնույթ է կրում, որին ամեն տարի ավելի շատ ուսանողներ են մասնակցում»,- հավելեց նա:
Նրա խոսքով, «Արի մրցենք» առաջնության շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև ասմունքի մրցույթ, մինչ այս արդեն տեղի են ունեցել պարի և գեղանկարչության մրցույթները:
Պարի միջֆակուլտետային մրցույթի ժյուրիի կազմում այսօր ընդգրկված էին «Պարող համալսարանական-2016»-ի հաղթող Զենֆիրա Եգանյանը, ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հովհաննիսյանը և «Gold Star» պարային համույթի տնօրեն Արման Ղուկասյանը:
Մրցույթի առաջին փուլում մասնակիցները հանդես եկան ժողովրդական, իսկ երկրորդ փուլում՝ ազատ ոճի պարերով:
Պարի մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 18-ին՝ «Արի մրցենք» առաջնության մրցանակաբաշխության ժամանակ:
ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի փոխնախագահը նշեց, որ մյուս տարի նախատեսվում է անցկացնել միջհամալսարանական «Արի մրցենք» առաջնությունը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան