- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ
Մարտ 19, 2019 | 11:25
Կրթություն
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը: ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
Դավիթը մեզ հետ զրույցում պատմում է իր հաջողությունների ու առաջիկա ծրագրերի մասին:
«Յուրաքանչյուր նոր սերունդ կատարում է իր նախորդների մշակույթի դիալեկտիկական բացասումը». Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի հետևյալ տողերը նպատակ ունեն ցույց տալու հին և գալիք սերունդների փոխադարձ կապն ու ժամանակի ընթացքում դրսևորվելիք հնարավոր փոխակերպությունը:
Դավիթը զրույցը սկսեց գերմանական դասական փիլիսոփայության ներկայացուցչի՝ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի վերոնշյալ խոսքերով:
Այս իմաստով յուրաքանչյուր նոր սերունդ, հաշվի նստելով ու ընդունելով նախորդ սերնդի կողմից ստացված մտավոր, մշակութային ու այլ արժեքներն ու ժառանգությունը, իր հերթին չբացառելով դրանք, փորձում է դրանց հիմքի վրա կառուցել իր պատկերացումների սոցիոմշակութային նոր տիրույթներն ու արժեհամակարգը։
Այս մրցանակը շատ պարտավորեցնող է, այն իմ մասնագիտական հաջողությունների մեկնակետն է: Այսօր հասարակության մեջ ավելի շատ գնահատվում են բնագիտական ոլորտի հաջողությունները, իսկ հումանիտար ոլորտը կարծես թե հետին պլան է մղվել: Հումանիտար ոլորտում մրցանակ ստանալն ինձ պարտավորեցնում է 21-րդ դարում փիլիսոփայության օրինակով հումանիտար ոլորտի տեղն ու դերը ճիշտ մատնանշել և ցույց տալ:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընտրության հարցում իր դերն է ունեցել ավագ դպրոցում անցած հասարակագիտության մասին դասընթացների շարքը:
Իմ կարծիքով, «Փիլիսոփայություն» առարկան մարդուն տալիս է բազմաբովանդակ գիտելիքներ և մատնանշում այն ճանապարհը, որով պետք է անցնել նպատակին հասնելու համար՝ հաղթահարելով խոչընդոտները: Փիլիսոփայության ուսումնասիրությունը մարդու կայացման ճանապարհներից մեկն է: Ես այսպես կսահմանեմ այն՝ «Փիլիսոփայությունը նպատակ ունի վերջավոր մարդու տեղը մտածելու անվերջ աշխարհում»:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ ընդունվելն իմ կյանքում բեկումնային նշանակություն է ունեցել: Մեր ֆակուլտետում տիրում է այնպիսի միջավայր, որտեղ դու ազատ ես և՛ մտածելու, և՛ գործելու համար: Այստեղ գրեթե ամեն ինչ նպաստում է ուսանողի մասնագիտական կայացմանը և սոցիալիզացմանը, ինչպես նաև մի շարք այլ որակների զարգացմանը: Ուսանողների և դասախոսների միջև այնպիսի ընկերական փոխհարաբերություններ են, որոնք նպաստում են, որ ուսանողն իր տեղը գտնի մասնագիտության մեջ:
ԵՊՀ-ում ես հայտնվեցի մի այլ աշխարհում, որտեղ կարողացա ամբողջովին ինքնիրացնել կարողություններս իմ իմացությունների շրջանակում: Համալսարանն անգնահատելի դեր ունեցավ իմ անձնային և մասնագիտական զարգացման գործում:
Նախատեսում եմ ուսումս շարունակել Գերմանիայի Լայբնիցի անվան Հանովերի համալսարանում և ուսումնասիրել գիտության փիլիսոփայությունը: Իմ կրթությունը չի սահմանափակվի միայն փիլիսոփայության ուսումնասիրությամբ, ցանկանում եմ նաև այլ մասնագիտացումներ ձեռք բերել: Նախատեսում եմ անցնել ակադեմիական և ոչ ակադեմիական երկար ուսումնառության ճանապարհ, քանի որ սովորելու համար երբեք ուշ չէ:
Կարևորում եմ անհատի սոցիալական ակտիվությունը: Առաջին իսկ կուրսից մասնակցել եմ ԵՊՀ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի կազմակերպած սոցիալ-մշակութային մի շարք միջոցառումների, ինչպես նաև ինքս եմ կազմակերպում տարբեր կրթական միջոցառումներ: Մասնակցել եմ «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը, որի ժամանակ «Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի լավագույն ուսանող» անվանակարգում արժանացել եմ արծաթե մեդալի:
Տարբեր ՀԿ-ներում ծավալում եմ կամավորական գործունեություն, որն էլ նպաստում է իմ ինքնաճանաչողությանը և մասնագիտական աճին: Կարևորում եմ նաև սպորտով զբաղվելը: Ինը տարի զբաղվել եմ թեթև ատլետիկայով:
Տարբեր գիտական ամսագրերում հրատարակել եմ մի շարք գիտական հոդվածներ, որոնք վերաբերել են գիտության պատմությանը, գիտության փոփոխման հարացույցին: Այժմ էլ աշխատում եմ «Աշխարհի գիտական պատկերի փոփոխությունը Ի. Նյուտոնից մինչև նոր ժամանակներ» հոդվածի վրա:
Սիրում եմ ուսումնասիրել օտար լեզուներ. այժմ սովորում եմ գերմաներեն, ապագայում ուսումնասիրելու եմ նաև չինարեն, քանի որ հետաքրքրվում եմ արևելյան մշակույթի գրականությամբ և փիլիսոփայությամբ:
Փորձում եմ նաև ինքնիրացվել ոչ ֆորմալ կրթական միջավայրում, քանի որ անհատի զարգացման վրա անկյունաքարային նշանակություն կարող են ունենալ ոչ ֆորմալ միջավայրում ստացած գիտելիքները և կրթությունը: «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությունում և «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամում վերապատրաստվել եմ և այժմ ինքս եմ վարում տարբեր դասընթացներ:
Հաջողության հասնելու համար շատ կարևոր է ինքնիրացման ճիշտ ոլորտ գտնելը: Այդ նպատակով ուսանողը պետք է բացահայտի իր մեջ եղած տաղանդը և այն փորձի հարաբերել աշխատասիրության հետ: Եթե անհատն իր ներքին կարողությունները դնում է ճիշտ առարկայական տիրույթում և փորձում է իր ունակությունները ճիշտ ինքնադրսևորել ճիշտ վայրում, դրան էլ գումարվում է աշխատասիրությունը, ապա նա կարող է մեծ արդյունքներ ունենալ:
Այսօրվա ուսանողի խնդիրն է գտնել և բացահայտել սեփական ինքնիրացման սահմանները և տիրույթները: ԵՊՀ-ն ուսանողներին ինքնիրացվելու համար տալիս է բավական լայն ու բազմաբովանդակ հնարավորություններ: Թեպետ բարոյական արժեքային բնութագիրը մարդը ստանում է իր դաստիարակման վաղ շրջանում, սակայն ուսանողական տարիներն այդ արժեքների համալրման և վերաիմաստավորման ու փոխանցման ժամանակաշրջան են: Այս տեսանկյունից բուհը սկզբունքային նշանակություն կարող է ունենալ անհատի համար:
Ես միշտ փորձել եմ ԵՊՀ-ում եղած միջոցներն օգտագործել՝ իմ մասնագիտության մեջ խորանալու համար: ԵՊՀ-ն ինձ տվել է բավականին լավ բազային հիմք հաջողությունների հասնելու համար:
Իմ կյանքի առաջաբանն է մշտապես մնալ ինտելեկտուալ «դիսկոմֆորտի» մեջ: Եթե չլինի ինտելեկտուալ «դիսկոմֆորտ», այսինքն՝ եթե նպատակին հասնելու համար չլինեն խոչընդոտներ և արգելքներ, ապա անհատը չի ունենա մոտիվացիա և մղումներ: Մարդը մշտապես պետք է իր առջև դնի խնդիրներ և փորձի դրանք հաղթահարել:
Իմ ցանկությունն է համամարդկային նշանակություն ունեցող կարևոր գործ անել: Այն որպես անկյունաքարային արժեք և հեռահար նպատակ պահպանելով՝ ես փորձում եմ իմ ողջ գործունեությունը սրա շուրջ կառուցել և խորանալ իմ մասնագիտության մեջ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան