- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Նոյեմբեր 01, 2019 | 14:41
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկօրյա քննարկումը, որին մասնակցում են միջազգային ճանաչված փորձագետներ, գիտնականներ և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները ՀՀ արդարադատության նախարարության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել են 2014 թվականին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պատմեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Արդարադատության փոխնախարարի պաշտոնը և համակարգում օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքները, դիմել է ֆակուլտետին և առաջարկել ձևավորել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ իր գործունեությունը սկսել է իրականացնել 2015 թվականից:
Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ, աշխատանքային խմբի կողմից կազմակերպվել են մի շարք քննարկումներ, այդ թվում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ. «Նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն արդյունավետորեն ամփոփելու և կյանքի կոչելու, ինչպես նաև այս օրենսգրքում տեղ գտած իրավակարգավորումները համապատասխանեցնել մյուս օրենսգրքերում տեղ գտած իրավակարգավորումների հետ անհրաժեշտ էր մյուս օրենքների նախագծերում որոշակի փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի նախագծերում, որոնց ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվել»:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանը տեղեկացրեց, որ ավելի քան մեկ տարի առաջ մշակվել է քաղաքականություն՝ իրականացնելու այդ բոլոր նախագծերի փոխկապակցված, վերջնական լրամշակումը և կյանքի կոչելու այն. «Մշակման աշխատանքները սկսեցին տարվել աշխատանքային խմբերի համագործակցության պայմաններում, որոնց ընթացքում համաձայնեցվել են այն դրույթները, որոնք առնչվում են մեկը մյուսի հետ: Ի դեպ, մյուս օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքային խմբերում ևս հիմնականում ներգրաված են Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները»:
Գագիկ Ղազինյանի հավաստմամբ, աշխատանքներն այսօր համակարգվում են Արդարադատության նախարարության կողմից. «Ըստ էության, ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծիվերաբերյալ փորձագիտական վերջին քննարկումներն են կազմակերպվել: Այնուհետև նախագծի տեսքով այն կուղարկվի նախարարություն, ապա՝ ՀՀ կառավարություն և հետո Ազգային Ժողով:
Փոփոխությունների մյուս կարևոր դրույթն այն է, որ դրանցով առաջարկվում են նոր իրավակարգավորումներ, որոնց պետք է պատրաստվել և՛ տեխնիկական, և՛ իրավակիրառողների վերապատրաստման, և՛ մեթոդական ուղեցույցների մեկնաբանությունների առումով»:
«Քանի որ նոր իրավակարգավորումները շատ են և սկզբունքային, դրանց ընդունմանը պատրաստվելու մարտահրավերը մենք վերցնելու ենք ֆակուլտետի վրա՝ նախ որովհետև աշխատանքային խմբի անդամներն այս ֆակուլտետից են, և ապա որովհետև մասնագիտական հիմնական ներուժը կենտրոնացած է այստեղ: Իհարկե, ներգրավելու ենք նաև ոլորտում կայացած պրակտիկ մասնագետների»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Այսօր տեղի ունեցած ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկմանը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը փաստեց, որ ժամանակակից քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է բանտարկյալների՝ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, նրանց վերասոցիալականացումը. «Այս ամենը նախատեսվում է նաև ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծով»:
«Պետք է փաստել, որ այս նախագծի վերաբերյալ աշխատանքը մեծ մարտահրավեր է, քանի որ այն կապված է մի շարք այլ օրենքների հետ: Բացի դրանից՝ չպետք է մոռանալ, որ այս ընթացքում տեղի են ունեցել քաղաքական կարևոր իրադարձություններ, որոնց, անշուշտ, աշխատանքային խումբն արձագանքել է և նոր փոփոխություններ իրականացրել նախագծում»,- ասաց Ֆրանկ Հուփֆելդը:
Գագիկ Ղազինյանը քննարկման սկզբում նշանավորեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ ունեցած համագործակցությունը, որը նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելիս անգնահատելի դերակատարություն է ունեցել: Նա նաև կարևորեց նախարարության հատուկ ուշադրությունը նոր նախագծերի նկատմամբ:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ուրախությունը հայտնեց առ այն, որ քննարկումը կազմակերպվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ փաստելով, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի՝ համալսարանական բոլոր կառույցները պետք է իրենց փորձագիտական ներուժն օգտագործեն բոլոր ոլորտների բարեփոխումների գործընթացներում. «Ես կարծում եմ, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այն կառույցն է, որն այսօր լիարժեք պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել»:
Նախարարը տեղեկացրեց, որ այսօր ակտիվորեն քննարկվում են նաև քրեակատարողական ոլորտին առնչվող ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը՝ փաստելով, որ դրանով նախատեսվում են միանգամայն նշանակալի փոփոխություններ այնտեղ. «Այս տեսանկյունից՝ շատ կարևոր է ունենալ արդի պայմաններին համապատասխան Քրեակատարողական նոր օրենսգիրք, որը հիմնված կլինի տարիներ շարունակ միջազգային կառույցների կողմից արված առաջարկությունների վրա»:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Միխայել Յոհաննես Բանցհաֆն ասաց, որ այս ծրագիրը պետք է նպաստի, որ Հայաստանում ուժեղանա իրավական պետությունը, ինչը կարևոր է ոչ միայն հայերի, այլև գերմանացիների համար. «Ինձ համար մեծ ուրախություն է, որ այս կարևոր նախագծի վրա աշխատել են հայ և գերմանացի փորձագետները»:
Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի արդարադատության նախարարության պետքարտուղար (փոխնախարար) Ստեֆան ֆոն դեր Բեքը նշեց, որ 2014 թվականից ներգրավված է նախագծի մշակման աշխատանքներին. «Մենք շարունակաբար զարգացրել ենք նախագիծը՝ հասցնելով այսօրվա արդյունքին, ինչը, հուսով եմ, ավարտական տարբերակ է»: Նա փաստեց, որ յուրաքանչյուր քննարկում հետաքրքիր և արդյունավետ է եղել, որոնց արդյունքում էականորեն բարելավվել է օրենսգրքի նախագիծը:
Ողջույնի խոսքերին հաջորդած քննարկմանը մասնակցում են ինչպես աշխատանքային խմբի անդամները, այնպես էլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկման աշխատանքները շարունակվելու են նաև վաղը:
Քնար Միսակյան