- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ERASMUS+ MODEST» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս 02, 2019 | 13:40
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ERASMUS+ MODEST» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Erasmus+ MODEST» (Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies) ծրագրի վերաբերյալ:
Հանդիպման կազմակերպիչը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժինն էր: Հանդիպմանը ներկա էին «Erasmus+» ծրագրի հայաստանյան գրասենյակի, Լատվիայի համալսարանի, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարկարովը ողջունեց ներկաներին և ներկայացրեց օրակարգը: Նա շեշտեց կրթական երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան զարգացնելու հարցում գործընկերների փորձին տեղեկանալու և այն հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Հայաստանում «Erasmus+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան, պատմելով «Erasmus+ MODEST» ծրագրի մասին, նշեց, որ այն նպատակ ունի զարգացնելու և մոդեռնիզացնելու դոկտորական կրթությունն ու բարելավելու դասավանդման մեթոդները:
Նա կարևորեց աշխատանքային դրական մթնոլորտը՝ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնելով:
Լատվիայի համալսարանի աշխատակազմի ղեկավար Անսիս Գրանտինսը, ողջունելով գործընկերներին, պատմեց իրենց համալսարանի մասին՝ ներկայացնելով կրթական համակարգում ունեցած ձեռքբերումները:
Նշենք, որ Լատվիայի համալսարանը 2018 թվականին տոնել է 100-ամյակը: Ցուցադրվեց նաև վերջինիս մասին պատմող ֆիլմ:
Լատվիայի համալսարանում «Erasmus+ MODEST» ծրագրի համակարգող Ինգա Սկենդերեն պատմեց ծրագրին անդամակցելու իրենց փորձի մասին՝ նշելով, որ կարևոր է հաշվի առնել հեռահար ուսուցման հնարավորությունները:
Նա ներկայացրեց ծրագրին անդամակցող մյուս համալսարանները և նրանց պատասխանատվության ոլորտները: Հայաստանյան բուհերից ծրագրում ընդգրկված են ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները:
Նա նշեց նաև, որ յուրաքանչյուր համալսարան ունի իր կարիքներն ու առանձնահատկությունները, և ծրագիրը հաշվի է առնում դրանք:
Աշխատանքային պլանի և ժամանակացույցի ներկայացման ժամանակ Ինգա Սկենդերեն պատասխանեց ծրագրի մասին հարցերին՝ նշելով, որ աշխատանք է տարվելու ոչ միայն ուսանողների, այլև ծրագրի ղեկավարների ու պատասխանատուների հետ:
Քննարկվեցին աշխատանքային առցանց հարթակներն ընտրելու և դրանք արդյունավետ օգտագործելու հարցերը: Լանա Կառլովան նշեց, որ յուրաքանչյուր աշխատանքային խմբում պետք է ներառել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասին պատմեց Իրինա Օբուխովան՝ ներկայացնելով բուհի պատմությունը: Նա նշեց, որ կան մի շարք բարդություններ՝ կրթական ծրագրերն անգլերենով դասավանդելու կազմակերպման հարցերի հետ կապված, որոնք ընթացքում փորձում են հաղթահարել:
Իրինա Օբուխովան խոսեց ասպիրանտական կրթության խնդիրների մասին՝ հայտնելով, որ ռուսաստանյան կրթության ոլորտում շրջանառվում է կարծիք, որ որպես կրթության երրորդ աստիճան՝ այն պետք է դադարեցվի:
Ալեքսանդր Մարկարովը, հանդես գալով ելույթով և խոսելով արդյունքների տարածման մասին, նշեց, որ այս հարցում առանցքային դերակատարություն ունի «PR»-ը՝ հասարակայնության հետ կապերը:
Տեղեկատվության տարածման ու հանրայնացման առաջին քայլը պետք է լինի ծրագրի գոյության փաստի տարածումը: Ալեքսանդր Մարկարովի խոսքով, համալսարանը մեծ կառույց է, և պետք է ընտրել թիրախային լսարանները՝ ասպիրանտներին, նրանց հետ աշխատող մասնագետներին, համապատասխան ստորաբաժանումները:
Նա հանգամանորեն պատմեց ծրագրի և դրա արդյունքների տարածման մասին՝ փուլ առ փուլ ներկայացնելով գործընթացի մանրամասները և նշելով հաղորդակցման առավել արդյունավետ կետերը:
Մարի Ռաֆյան