- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մայիս 14, 2019 | 15:47
Քաղաքականություն
ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ ՊՆ և Հայկական բարեգործական ընդհանուր միություն ներկայացուցիչներին՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունների շրջանակը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ներկայացնելով համատեղ իրականացվող ծրագրերը, նշեց, որ դրանք միտված են արևելագիտության տարբեր ուղղությունների զարգացմանը, որոնք պետական տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում են:
«Ձևավորվել է համագործակցության շատ հետաքրքիր ձևաչափ՝ կրթական հաստատություն և պաշտպանական գերատեսչություն, իսկ կրթական ծրագրերին սատար է կանգնում ՀԲԸՄ-ն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նա ասաց նաև, որ ԵՊՀ-ն պատրաստակամ է դասախոսական ներուժը ծառայեցնելու պետական տարբեր կառույցների նպատակների իրագործմանը, խնդիրների լուծմանը:
Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին սատարելու համար՝ հույս հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական:
«Կրթությունը և պետական կառույցները գտնվում են ընդհանուր շահի տիրույթում, և ձեր օգնությունը նպաստում է կրթական և պետական մի շարք խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնել ՊՆ-ին, մեր պետությանը»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց երկու կողմերին պատրաստակամության համար՝ նշելով, որ համագործակցության ձևաչափը շատ օրինակելի է:
ՀԲԸՄ ղեկավար Վազգեն Յակուբյանը, խոսելով ծրագրին աջակցելու մասին, նշեց. «Մեզ համար սա շատ կարևոր ծրագիր է: Մեր մոտեցումը եղել է և կմնա Հայաստանի Հանրապետության հզորացումը տարբեր միջոցներով, որոնց մեջ կարևորներից մեկը կրթությունն է»:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը շեշտեց ԵՊՀ-ի պատրաստակամ վերաբերմունքը՝ նշելով, որ գործ ունենք այն դեպքի հետ, երբ կրթություն-աշխատաշուկա կապը հստակ արտահայտված է: Նա նշեց նաև, որ սկիզբ է դրվելու կրթական ծրագրերի մոնիթորինգի գործընթացը, որին ներգրավվելու են նաև շահառու կողմերը:
Մարի Ռաֆյան