- Գլխավոր
- Նորություններ
- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս 21, 2019 | 13:17
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում:
Քննարկմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի ղեկավար, «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ Աննա Գևորգյանը, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ Քրիստինե Ծատուրյանը, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ուսանողներ:
Քննարկման համակարգող Նելլի Ռաֆայելյանը ներկայացրեց քննարկման թեման՝ նշելով, որ ռազմավարություններ գրվում են այն ժամանակ, երբ պարզ են հիմնախնդիրները, խնդիրներն ու ռեսուրսները: Նելլի Ռաֆայելյանը խոսեց այն մասին, որ ինչպես բազմիցս նշել են փորձագետները, կրթական համակարգը տարիներ շարունակ ենթարկվել է քաղաքական ռեժիմի միջամտության: Նա նշեց նաև, որ նման քննարկում հրավիրելու միտքը ծագել է ԿԳ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ գրառումից հետո:
Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի ղեկավար, «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ Աննա Գևորգյանը մատնանշեց, որ ռազմավարության, բարձրագույն կրթության ոլորտում զարգացումների ու բարեփոխումների հիմքում, ըստ իր կարծիքի, պետք է լինեն բազմաթիվ արժեքներ՝ ազատություն, անկախություն, հավասարություն և այլն:
Բուհերի ամենամեծ խնդրի՝ անկախության և ինքնավարության հարցի վերաբերյալ նա նշեց, որ ընթացք է տրվել այն գործողություններին, որոնք տանելու են կրթական ոլորտի ապաքաղաքականացման։
Այդուհանդերձ, Աննա Գևորգյանը շեշտեց, որ հարցը դեռևս լուծված չէ, քանի որ օրակարգային են նախորդ կառավարություններից ժառանգված օրենքները՝ թերացումներով և բացթողումներով: Նա օրինակ բերեց բուհերի կառավարման խորհուրդների կազմը, որոնցում թե՛ նախկինում, թե՛ հիմա ներառված են քաղաքական գործիչներ:
Աննա Գևորգյանը փաստեց, որ անհրաժեշտ է հստակորեն նախանշել կառավարման խորհուրդների ընտրության և դերի հարցը։ Նա ասաց, որ դրանց կազմը պետք է համապատասխանի այն ոլորտներին, որոնք լավագույնս նկարագրում են բուհը։
Աննա Գևորգյանը խոսեց նաև ինքնավարության մասին՝ ասելով, որ պետության նվազագույն միջամտությամբ բուհերն առավել մեծ արդյունքների են հասնում: Բուհերի ինքնավարության վերաբերյալ հատված կա նաև կառավարության ծրագրում, սակայն այնտեղ հաջորդիվ նշվում է, որ պետությունը պետք է մշակի բովանդակային ծրագրեր:
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն արձագանքեց՝ նշելով, որ այժմ պետք է առկա խնդիրները վեր հանել և քարտեզագրել, նոր միայն ռազմավարություններ մշակել։ Իսկ ինչ վերաբերում է օրենքի նախագծի վերջնական տարբերակին, այն մոտ օրերս կմտնի լայն շրջանառության մեջ:
Նա ասաց, որ բուհի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը հաճախ շփոթում են:
Սամվել Կարաբեկյանի կարծիքով, որ այժմ «դրսից» նշանակված անդամներն ավելի հետաքրքրված են բուհի խնդիրների լուծմամբ, քան ի տարբերություն պրոֆեսորադասախոսական կազմի կամ ուսանողության ներկայացուցիչները։
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ բուհերի խորհուրդների նոր կազմերը գնահատական չեն տվել նախկինում տեղի ունեցածին: Նա օրինակ բերեց տարկետման հարցը, որն այդպես էլ լուծում չստացավ:
«Շատ հուզված եմ, շատ նեղված ու բարկացած, որովհետև, իմ կարծիքով, կրթական համակարգը պետք է բոլոր փոփոխությունների հիմքը լինի: ԵՊՀ-ն պետք է լինի այն միջավայրը, որտեղ կխրախուսվի այդ ամենը»,- ասաց նա:
Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց մոտալուտ փոփոխությունները, մասնավորապես Հոգաբարձուների խորհրդի կազմի խնդիրը: Նա նշեց, որ դասախոսներն ու ուսանողները պետք է համալսարանի տերը դառնան:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ասաց, որ կարծում է՝ ակադեմիական ազատության իրավունքը պետք է վաստակել:
«Ես տեսնում եմ փոքր հարցերը բարձրաձայնելու և լուծելու ճանապարհ։ Պետական ֆինանսավորմամբ պետական բուհերը պետք է որոշակիորեն վերահսկվեն պետության կողմից»,- նշեց ԲՈԿ-ի նախագահը:
Նա խոսեց գրագողության խնդիրներից՝ ասելով, որ պետք է լուրջ միջամտություն այս հարցում:
«Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ Քրիստինե Ծատուրյանն օրինակ բերեց եվրոպական բուհերը, որոնց կառավարման կազմում ևս ընդգրկված են պետական պաշտոնյաներ:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, խոսելով ռազմավարությունների մասին, շեշտեց, որ կարևոր է հաշվի առնել ռազմավարության մեջ տեղ գտած տեսլականների ամենօրյա գործնական կիրառումները։
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն անդրադարձավ այն փաստին, որ բուհական համակարգի մասին խոսելիս հաճախ ընդհանուր համակարգը նույնականացվում է ԵՊՀ-ի հետ:
Նա նշեց, որ նոր օրենքի նախաձեռնությունը կարող է փոփոխությունների բանալի լինել: Պրոռեկտորը խոսեց նաև բուհերի համար հավասար պայմանների և մրցակցային դաշտի ապահովման մասին:
«Ես նախկինում էլ եմ ասել, որ իսկապես, իմ կարծիքով, քաղաքական պաշտոնյաների ներգրավվածությունը պետք է սահմանափակել, բայց ամբողջությամբ խոչընդոտելն արդյունավետ չէ»,- ասաց նա:
Ռուբեն Մարկոսյանը կարևորեց նաև կրթական համակարգի կայունությունը. «Կարող ենք մեր մտքում ունենալ նաև բուհերի խոշորացման հարցը: Դա ոչ միայն ֆինանսական օպտիմիզացիայի խնդիր կարող է լուծել: Մենք ունենք կարծրացած համակարգեր, այդ խոշորացումը կկոտրի դրանք և թարմ մտքեր, թարմ մարդիկ կբերի, կայացած այդ սոցիալական փոքր խմբերը կկոտրվեն, դա կնպաստի ներբուհական միջին և ցածր օղակներում բաց խոսելուն և քննադատական մոտեցումներ ունենալուն»:
Քննարկման ավարտին բանախոսներն անդրադարձան բուհական կրթության որակի, կառավարման, ակադեմիական ազատության և ազնվության խնդիրներին:
Բանախոսներն ամփոփեցին քննարկումը՝ նշելով համագործակցության շարունակականության կարևորությունը:
Մարի Ռաֆյան