- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Փետրվար 27, 2019 | 17:15
Քաղաքականություն
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ էին այցելել Երևանի Հերացու, թիվ 65, թիվ 94, թիվ 170, թիվ 182, թիվ 195 ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
Աշակերտներին դիմավորեց ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, որը նրանց ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև ֆակուլտետում առկա կրթական ծրագրերը. «Այսօր աշխատաշուկայում երկու և ավելի լեզուների տիրապետող մասնագետների պահանջարկ կա, ուստի այս ֆակուլտետը տալիս է լավ մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները: Համալսարանն օտար լեզուների դասավանդման գործում մնայուն ավանդույթներ ունի, որոնք շարունակական բնույթ են կրելու»,- նշեց դեկանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը:
Նրանք ներկայացրին իրենց ամբիոնների կառուցվածքն ու առանձնահատկությունները:
Աշակերտներից շատերը հստակ կողմնորոշվել էին մասնագիտության հարցում: Մարիա Ավագյանը, որը սովորում է Երևանի թիվ 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, ընդունվելու է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ և ընտրելու է թարգմանչի մասնագիտությունը:
«Ես առաջին անգամ էի ԵՊՀ-ում. միջավայրը հաճելի և տրամադրող էր»,- նշեց ապագա դիմորդը:
Հանդիպման ավարտին աշակերտները շրջեցին ֆակուլտետում, ծանոթացան ամբիոններին, լսարաններին և սարքավորումներին:
Հիշեցնենք, որ 2018-19 ուստարում «Բաց դռների» օր անցկացվելու է ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում. այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ: