- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ECER 2022-Ի՝ ՍԿՍՆԱԿ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոս 22, 2022 | 13:21
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ECER 2022-Ի՝ ՍԿՍՆԱԿ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մրցակցելով չորս երկրների կրթական կենտրոնների հետ՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ ECER 2022 համաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում։
Համաժողովի նպատակն է տարբեր երկրների կրթական հետազոտողներին համախմբել գիտական մեկ հարթակում և միասնաբար քննարկել կրթական հիմնախնդիրները, որոնք առկա են աշխարհի շատ երկրներում:
«Այս համաժողովը միավորել է մի շարք հետազոտողների, որոնք ցանկանում են բարելավել կրթության որակը և պատասխանատու են դրա համար»,- ասաց ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Է. Ասրիյանը։
Անդրադառնալով համաժողովի անցկացման վայրի ընտրությանը և երիտասարդների՝ գիտության ասպարեզում ներգրավվածությանը՝ Է․ Ասրիյանն ընդգծեց․ «Շատ կարևոր է ունենալ փորձի փոխանակման այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդ հետազոտողները քննարկումներ են իրականացնում փորձառու գիտնականների հետ, ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնք կարող են էապես նպաստել կրթական ոլորտի զարգացմանը։ Մենք շատ ողջունելի ենք համարում այն, որ նման կարևորության կրթական միջոցառում անցկացվում է Երևանի պետական համալսարանում, որն իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում նպաստել է և շարունակում է նպաստել Հայաստանում կրթության, գիտության զարգացմանը և համամարդկային բարձր արժեքների ստեղծմանը»։
Ամփոփելով խոսքը՝ ԵՊՀ պրոռեկտորը հույս հայտնեց, որ այս օրերի ընթացքում կձևավորվի հաջող համագործակցություն հետագա հետազոտությունների համար։
ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, անդրադառնալով համաժողովի՝ Հայաստանում անցկացվելու փաստին և դրա ընձեռած հնարավորություններին, նշեց. «Այսօր կան մի շարք իրողություններ, ինչպես՝ պատերազմները, բնական աղետները, համաճարակները, որոնք ազդում են կրթության որակի վրա: Նմանատիպ հարցերը պետք է քննարկվեն քառօրյա համաժողովի ընթացքում: Պետք է ուսումնասիրել այլ երկրների առաջավոր փորձը և տեղայնացնել այն ՀՀ-ում»:
Պրոֆեսորը հավելեց, որ այս համաժողովը լավագույն հնարավորությունն է սկսնակ հետազոտողների համար. նրանք կլսեն փորձառու գիտնականների կարծիքները, ինչը կօգնի նաև իրենց թեկնածուական ատենախոսությունները և մագիստրոսական թեզերը գրելիս»:
Անդրադառնալով համաժողովի ընթացքում ներկայացվելիք թեմաներին՝ Ն. Հարությունյանն ասաց, որ դրանք հիմնականում վերաբերում են կրթության կառավարման հիմնախնդիրներին, որակի ապահովմանն ու վերահսկողությանը, որակի կառավարմանը, դասավանդման մեթոդիկային և այլն:
Խոսելով համաժողովի ընթացքում Հայաստանի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները բարձրաձայնելու և դրանց՝ օտարազգի հետազոտողների կողմից ուշադրությանն արժանանալու կարևորությունից՝ համաժողովի կոորդինատոր, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն ընդգծեց. «Մեր նպատակներից է մոտիվացնել երիտասարդ հետազոտողներին, որպեսզի նրանք հետաքրքրվեն նաև Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներով և վերադառնալով իրենց երկիր՝ շարունակեն ուսումնասիրել այն»։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետազոտող Սամվել Ասատրյանը, խոսելով համաժողովին իր մասնակցությունից և թեմայի ընտրությունից, նշեց, որ այն առավելապես կենտրոնացված է առցանց կրթության հետևանքների վրա:
«Համավարակից հետո ստեղծվեց իրավիճակ, որտեղ առաջնային էր հեռավար ուսուցումը: Չեմ ժխտում, որ տեխնոլոգիական կրթությունն ունի իր դրական նշանակությունը, բայց այն ունի նաև բացասական հետևանքներ։ Նա ընդգծեց, որ ընդհանրապես հրաժարվել էլեկտրոնային կրթությունից հնարավոր չէ. այն պետք է բալանսավորել»,- մեզ հետ զրույցում ասաց Ս․ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։