- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Օգոստոս 25, 2022 | 15:20
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
ECER 2022 համաժողովի շրջանակում անցկացվեց «Կրթությունից դուրս մնացած երեխաներին վերաբերող դիսկուրսը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում։ Այն վարեց Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը, որի անդամներն էին կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը, հետազոտող Գայանե Հովակիմյանը և վերլուծաբան Արման Մելքոնյանը։
Մարինա Գալստյանը, անդրադառնալով թեմայի արդիականությանը և կարևորությանը, նշեց․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը արդիական էր մինչև համավարակը, սակայն համավարակը ավելի ընգդգծեց խնդրի կարևորությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ Ուրախ ենք, որ ԵՊՀ-ում՝ մեզ հարազատ բուհում, ECER 2022 համաժողովի շրջանակում կարող ենք մասնագիտական համայնքի հետ քննարկել նաև այս թեման»։
Կենտրոնի հետազոտող Գայանե Հովակիմյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել և պատմական ինչպիսի փուլերով է անցել կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը՝ անդրադառնալով նաև իրավական կարգավորումներին։
«Անկախության առաջին տասնամյակում կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ վիճակագրական, հետազոտական տվյալները բացակայում էին։ Գործում էր «չկա տվյալ, չկա խնդիր» սկզբունքը։ Հետագայում, երբ ի հայտ եկան վիճակագրական տվյալներ, իրականացվեցին մասնագիտական հետազոտություններ և հարցն սկսվեց դիտարկվել որպես հանրային խնդիր»,- իր խոսքում ասաց Գ․ Հովակիմյանը։
Այնուհետև Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի վերլուծաբան Արման Մելքոնյանը ներկայացրեց խնդիրը գլոբալ և ազգային մակարդակներում՝ առաջնորդվելով կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման միջազգային փորձով և վիճակագրական տվյալներով։ Ա․ Մելքոնյանը ներկայացրեց հայաստանյան իրավիճակը՝ առանձնացնելով պաշտոնական վիճակագրական տվյալներ։
Պանելային քննարկման բանախոսներն անդրադարձ կատարեցին նաև կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման մեթոդաբանական և էթիկական խնդիրներին։
«Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ ուսումնասիրություններում գերիշխում է քանակական բնութագրիչների չափումը, սակայն մեր կենտրոնը, մշտապես կարևորելով այս թեման, իրականացրել է մի շարք որակական հետազոտություններ՝ հետևելով էթիկական հիմնարար սկզբունքներին»,- նշեց Մ․ Գալստյանը։
Գ․ Հովակիմյանը բարձրաձայնեց էթիկական դիլեմաների հարցը, որին հաճախ բախվում են հետազոտողները թեման ուսումնասիրելիս։
Պանելային քննարկման օտարերկրյա մասնակիցները նույնպես մատնանշեցին կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի կարևորությունը։ Խնդիրն արդիական է անգամ այն երկրներում, որտեղ, պաշտոնական վիճակագրության համաձայն, կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը բավականին փոքր է։
Կրթության հետազոտող Էրան Մելքմանը, անդրադառնալով կրթությունից դուրս մնալու պատճառներին, նշեց․ «Կրթությունից դուրս մնալու պատճառները բավականին նույնական են անկախ երկրից՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակ, ակադեմիական դժվարություններ և այլն»։
Պանելային քննարկման մասնակիցները նաև ներկայացրին իրենց երկրների փորձը՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայում, Հունաստանում և այլ երկրներում այս խնդիրը նույնպես արդիական է և մշտապես գտնվում է կրթության ոլորտի հետազոտողների ուշադրության կենտրոնում։