- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
Փետրվար 11, 2019 | 16:51
Կրթություն
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր կայացավ ֆակուլտետի գիտխորհրդի նիստ, որի օրակարգում երեք հարց էին՝ դեկանի ընտրություն, դոցենտի կոչման շնորհում և ընթացիկ թեմաների քննարկում:
Պատմության ֆակուլտետի դեկանի ընտրությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ, որով ներկաները հարգեցին հայտնի հայագետ, հնագետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Հայկ Հակոբյանի հիշատակը։
Նիստին ներկա էր նաև Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Նիստը նախագահելու համար ընտրվեց Մխիթար Գաբրիելյանը, որը համառոտ ներկայացրեց դեկանի ընտրության կարգը։ Դեկանի միակ թեկնածուն Էդիկ Մինասյանն էր։
Պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկելու են երեք հարցեր՝ դեկանի ընտրություն, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտներ Լիլիթ Պիպոյանին և Սաթենիկ Վարդանյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու և մի շարք ընթացիկ հարցեր։
Ելույթի համար ձայն տրվեց պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանին։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ամբիոններին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար և ասաց, որ դեկանի աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն ու նվիրում։
«Մենք պետք է ձգտենք ուսումնական գործընթացն այնպես կազմակերպել, որ կարողանանք հաղթահարել առաջիկա դժվարություններն ու մարտահրավերները։ Ես, իհարկե, բոլորովին էլ նորություն չեմ ասի, եթե ևս մեկ անգամ կրկնեմ, որ ֆակուլտետի առաջնահերթ խնդիրներն ուսանողներին լիարժեք ու համակողմանի կրթելն է, ինչպես նաև նրանց հանրապետության լիարժեք քաղաքացի ձևավորելը»,- իր ելույթում ասաց Է. Մինասյանը։
Նա խոսեց առաջիկայում ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրի մասին, ինչպես նաև անդրադարձավ առկա խնդիրներին։
Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հայտնեց, որ երաշխավորում է պարոն Մինասյանի թեկնածությունը դեկանի պաշտոնում և կարծում է, որ վերջինս կարող է շարունակել իրականացնել ֆակուլտետի զարգացման համար օգտակար ծրագրերը։
Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում Էդիկ Մինասյանը վերընտրվեց ֆակուլտետի դեկան։
Երկրորդ քվեարկությամբ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտներ Լիլիթ Պիպոյանին և Սաթենիկ Վարդանյանին շնորհվեց դոցենտի կոչում։
Նիստում քննարկվեցին նաև ֆակուլտետում առկա ընթացիկ հարցերը։
Մարինա Առաքելյան