- Գլխավոր
- Նորություններ
- ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
Նոյեմբեր 26, 2018 | 17:41
Կրթություն
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
«Erasmus+ CBHE PRINTEL» ծրագրի շրջանակում տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներից բաղկացած ԵՊՀ աշխատանքային խումբը նոյեմբերի 9-18-ը մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին։
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասիստենտ Գոհար Մադոյանը և դոցենտ Լիլիթ Սարգսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դոկտոր Կարեն Թռչունյանն ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Տիգրան Սարգսյանը մասնակցել են վերապատրաստման դասընթացին, որը նախատեսված էր «Erasmus+ CBHE PRINTEL» ծրագրում ընդգրկված Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի տարբեր բուհերից տարբեր մասնագիտություններով դասավանդող դասախոսների համար:
«Ակտիվ ուսուցում» վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ակտիվ ուսուցման առանցքային ձևերին, մեթոդաբանությանը, ինչպես նաև տարբեր համացանցային, թվային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը լսարանում։ Դասընթացը վարել է Ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վ. Վան Պետեգեմը։
ԵՊՀ աշխատանքային թիմը խմբային աշխատանքի արդյունքում պատրաստել է միջգիտակարգային դասընթաց «ADDIE» («ՎՆՄԻԳ» (վերլուծել, նախագծել, մշակել, իրականացնել, գնահատել) մոդելով, որը քննարկվել է Վրաստանի և Բելառուսի գործընկերների հետ։
Վերապատրաստման ընթացքում տարբեր մեթոդների վերաբերյալ կատարվել են անդրադարձեր (reflections), քննարկվել լսարանում համացանցային, թվային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տեղայնացման հարցեր, հնչել փոխադարձ առաջարկություններ: Դասընթացի ավարտին մասնակիցները պայմանավորվել են օգտագործել համացանցը՝ քննարկելու ծրագրի ընթացքում ստեղծված հարցերը, առաջարկությունները:
Ավելին՝ ԵՊՀ խումբը հնարավորություն է ստացել այցելելու պրոֆ. Վիմ Վան Պետեգեմի ակտիվ ուսուցման դասընթացներից մեկին՝ որպես դիտորդ: Դասընթացը նախատեսված էր տարբեր մասնագիտություններով սովորող առաջին կուրսի մագիստրոսների համար (շուրջ 100 ուսանող): Խմբի անդամները ծանոթացել են ակտիվ ուսուցման գործնական կիրառմանը: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են այն ավարտելու վերաբերյալ հավաստագրեր։
Պատրաստեց Քնար Միսակյանը