- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մայիս 21, 2019 | 15:11
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որը մեկնարկել էր մայիսի 6-ին, ավարտվելու է հունիսի 1-ին: Մայիսի 20-ի դրությամբ ԵՊՀ-ում հայտագրվել է 1656 դիմորդ:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 53 կրթական ծրագրի ուղղությամբ:
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանն ասաց, որ նախորդ տարիների, մասնավորապես 2017 թ. ընդունելության արդյունքների համեմատ՝ պատկերը գոհացուցիչ է. «Մայիսի 20-ի դրությամբ ամենաշատ հայտագրումներ եղել են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում, իսկ Կրոնագիտության, Սոցիոլոգիայի, Մեխանիկայի, Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցության կրթական ծրագրերում սովորելու համար հայտ ներկայացրած դիմորդների թիվը չի գերազանցում հինգը»:
ysu.am-ը զրուցեց դիմորդների հետ՝ պարզելու նրանց սպասելիքներն ու կանխատեսումները:
Նրանցից Էլիզաբեթ Թովմասյանը շուտով ավարտելու է Երևանի թիվ 127 դպրոցը:
Էլիզաբեթը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդ է.
«Մեծ ակնկալիքով եմ դիմում և վստահ եմ, որ շուտով իրականանալու է իմ նպատակներից մեկը՝ լինել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի»:
Իրավագիտության ֆակուլտետի դիմորդ Տիգրան Ղուբաթյանին ուղեկցում է մայրը՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Թերեզա Պապիկյանը. «ԵՊՀ-ն միշտ առաջատար է եղել՝ պատրաստելով ոլորտի լավագույն մասնագետներին, ես ցանկանում եմ, որ որդիս ևս լինի նրանցից մեկը»:
Արթիկից Արման Հակոբյանն էլ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դիմորդ է:
ԵՊՀ-ի՝ իր ընտրությունը պայմանավորում է հանրապետությունում բուհի առաջինը լինելով:
Հիշեցնենք, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 9:30-ից 18:00-ն:
Իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (առանց հանգստյան օրերի):
Անգին Խաչատրյան