- Գլխավոր
- Նորություններ
- «MINERVA» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 25, 2019 | 17:02
«MINERVA» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Minerva» (Strengthening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Մոլդովայի տնտեսագիտության ակադեմիայի եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Օլեսա Սիրբուն, ԵՊՀ աշխատակիցներ, որոնք մասնակցելու են «Minerva» ծրագրին:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, պատմելով «Minerva» ծրագրի մասին, նշեց, որ Եվրոպական միության «Erasmus+» ծրագրերի շրջանակում հավանության է արժանացել հայ-մոլդովական համատեղ «Minerva» ծրագիրը:
««Minerva» ծրագիրն ունի երկու հիմնական ուղղություն՝ գիտության կառավարում և բաց աղբյուրների հետ տարվող աշխատանք: Ելնելով այս երկու ուղղություններից՝ ԵՊՀ-ում կձևավորվի երկու հիմնական խումբ, որի աշխատանքը կընթանա վարչական կազմի հստակ վերահսկողության ներքո»,-պարզաբանեց Ալեքսանդր Մարգարովը:
Այնուհետև Ալեքսանդր Մարգարովը ներկայացրեց «Minerva» ծրագրի ԵՊՀ աշխատակիցների կազմը:
Ծրագրի վարչական կազմի անդամ են լինելու ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Մոլդովայի տնտեսագիտության ակադեմիայի եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Օլեսա Սիրբուն, ողջունելով ներկաներին, ասաց, որ շատ ուրախ է հերթական անգամ Հայաստանում գտնվելու համար և ներկայացրեց «Minerva» ծրագրի մեկ տարվա օրակարգը:
«Ուրախ եմ արձանագրելու այն փաստը, որ «Minerva» ծրագիրը հայ և մոլդովական կողմերին համագործակցելու հնարավորություն է տալիս,- նշեց Օլեսա Սիրբուն,- նաև պետք է նշեմ, որ շատ եմ կարևորում ծրագրի շրջանակում աշխատանքային խմբերի կազմի արդեն պատրաստ լինելը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի հետագա աշխատանքը»:
Օլեսա Սիրբուն ներկայացրեց նաև այն թեմաները, որոնց շրջանակում ծրագրի մասնակիցներն իրականացնելու են ճամփորդություններ:
Ըստ հետազոտական ծրագրի թեմայի՝ որոշվելու է ճամփորդող թիմի կազմը: