- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՈՎՐՈՒԶԸ
Մարտ 19, 2019 | 17:01
Հասարակություն
«ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՈՎՐՈՒԶԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Երկու ժողովուրդ, մեկ քաղաքակրթություն» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ-իրանական հարաբերություններին և Նովրուզին:
Միջոցառումը կազմակերպվել էր՝ հանրությանը ներկայացնելու Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, հարևան և բարեկամ ժողովուրդների մշակութային ու պատմական ընդհանրությունները, ինչպես նաև ներկայացնել իրանական Նոր տարվա՝ Նովրուզի խորհուրդն ու ավանդույթները:
Միջոցառմանը ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մ. Հեյդարին, դեսպանության այլ ներկայացուցիչներ, ուսանողներ:
Մեզ հետ զրույցում Իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը փաստեց, որ ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում տարբեր տեքստերի, ֆիլմերի միջոցով և դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն այցելությունների շնորհիվ ծանոթացել են իրանական այս տոնի խորհրդին և իրենց նախաձեռնությամբ ցանկացել նշել. «Բացի դրանից՝ Նովրուզի տոնումը համալսարանում կարևոր է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների համատեքստում, այսինքն՝ մենք տոնում ենք մեր բարեկամ Իրանի կարևոր տոներից մեկը՝ դրանով իսկ ցույց տալով մեր սերն ու հարգանքը հարևան ժողովրդի նկատմամբ»:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Նովրուզի պատմությունը, պատմեց, որ այս տոնը գրեթե նույն ավանդույթներով նշել են նաև զրադաշտական Իրանում:
Պարոն Ոսկանյանն անդրադարձավ հայ-իրանական մշակութային կապերին՝ շեշտելով երկու երկրների դարավոր բարեկամությունը. «Իրանը, ինչպես դարերի ընթացքում, այդպես էլ այսօր, բացի պատմաքաղաքական կարևոր դերակատարում ունենալուց, նաև մշակութային հզոր կենտրոն է»:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մ. Հեյդարին, որն իր ելույթի ժամանակ ներկաներին բացատրեց Նովրուզի ավանդույթների նրբությունները, ընդգծեց այն տարբերությունները, որոնք եղել են տարբեր ժամանակներում այն տոնելիս: Պարոն Հեյդարին խոսեց նաև Նովրուզի և հայկական տոների՝ Զատիկի և Տեառնընդառաջի նմանությունների մասին:
Այնուհետև ուսանողները հայերեն և պարսկերեն ներկայացրին Հայաստանի և Իրանի պատմական կարևոր իրադարձությունները, մշակութային առանձնահատկությունները, բացատրեցին երկու երկրների խորհրդանիշների իմաստները, անդրադարձան պատմական կոթողներին ու ճարտարապետական գլուխգործոցներին:
Ուսանողները ներկաներին պատմեցին նաև երկու երկրների ավանդույթների և սովորությունների մասին, խոսեցին կրոնական առանձնահատկություններից, ապա ասմունքեցին նշանավոր գրողների որոշ ստեղծագործություններ:
Անդրադառնալով տոնին՝ ուսանողները պատմեցին, որ Նովրուզի ամենահետաքրքրական և սիրված ավանդույթներից է Հաֆթսինի տոնական սեղանը, որի վրա դրվում են պարսկերեն «սին» տառով սկսվող 7 առարկա` խնձոր, կանաչի, փշատ, սոմախ, սխտոր, քացախ եւ մետաղադրամ. «Բացի դրանցից՝ սեղանին պարտադիր դրվում է Ղուրան, հայելի, մոմեր, թարմ ծաղիկներ, ժամացույց և կենդանի ձուկ, որոնք հարատևման, բնության զարթոնքի, կյանքի և լիության խորհրդանիշ են: Հաֆթսինի սեղանը շուրջ 13 օր չի փակվում»:
Ուսանողների ներկայացմամբ, այս տոնն իր ծիսակարգով և որոշ ավանդույթներով շատ նման է հայկական ավանդույթներին, ինչպես, օրինակ, Նովրուզից 2-3 շաբաթ առաջ իրանցիները հատիկ են կանաչեցնում կամ էլ տարվա վերջին երեքշաբթի երեկոյան Իրանի բոլոր գյուղերում և քաղաքներում տանից դուրս կրակ են վառում, և ընտանիքի բոլոր անդամները ցատկում են կրակի վրայով` արտաբերելով հետևյալ բառերը` «Իմ դեղնությունը քեզ, քո կարմրությունն ինձ»:
Քնար Միսակյան