- Գլխավոր
- Նորություններ
- ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼՈՒ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Փետրվար 05, 2021 | 16:27
Հասարակություն
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼՈՒ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում այսօր տեղի է ունեցել համալսարանական ազատամարտիկներին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին է» նախաձեռնության կողմից:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, համալսարանական հերոսների ընտանիքի անդամները, հարազատները ու ընկերները:
Մինչև միջոցառման պաշտոնական բացման արարողությունը ներկաները շրջեցին նախասրահում, որտեղ պատին ամրացված էին ազատամարտիկների նկարները. կազմակերպիչներն անուն առ անուն ներկայացրին քաջի մահով հայրենիքի համար զոհված տղաներին:
«Եթե ընդհանրացնենք համաշխարհային պատմության ամբողջ ընթացքը, ապա կփաստենք, որ մնացել են այն ազգերը, որոնք պայքարել են իրենց գոյատևման համար: Ոչ մեկին պարտությունից խուսափել չի հաջողվել, սակայն ապրելու ու հզորանալու համար պետք է դաս քաղել պարտությունից: Հավե՛րժ փառք մեր տղաներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ մենք ապրում ենք: Շնորհակալ ենք նրանց ընտանիքներին»,- ասաց Գեղամ Գևորգյանը և հավելեց, որ զոհվածների ցուցակն ամբողջական դառնալուց հետո ԵՊՀ-ում կտեղադրվի նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր ուսանող ամեն օր այս տղաներին պետք է խոստանա, որ նրանք չեն մոռացվելու և արվելու է ամեն հնարավորը հայրենիքը հզորացնելու համար:
«Շնորհակալ եմ աստծուն, որ Մաքսիմի նման զավակ ունեմ: Նա հպարտությամբ էր ծառայում: Երբ բոլոր ընկերներին արդեն կանչել էին զինկոմ, նա չհամբերեց և ինքնակամ գնաց ներկայանալու: Հիշում եմ՝ ծանուցագիրը գլխի վերևում ուրախ պահելով՝ ասաց. «Ով մնում է, բարով մնա, ես գնում եմ Արցախ՝ ծառայելու»: Հունվարի 30-ին պետք է վերադառնար, բայց …»,- պատմում է առաջին կուրսի ուսանող Մաքսիմ Հովհաննիսյանը հայրը:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Մկրտչյանի քույրն էլ՝ Արևիկը, եղբոր մասին խոսելիս չէր կարողանում զսպել արցունքները. «Նա ռազմական գործը շատ էր սիրում, գրքեր էր կարդում, ուսումնասիրում: Մանկուց շախմատի դասերի է հաճախել և մաթեմատիկական հաշվարկների հարցում բավականին հմուտ էր ու հենց այդ պատճառով էլ հրետանու հաշվարկների հրամանատար էր: Ամենաթեժ կետերում լուրջ հաջողություններ է գրանցել: Հայկազը սիրահարված էր Արցախին, ասում էր պարտադիր պետք է տուն առնենք այնտեղ: Եղբորս գտանք հիվանդանոցում հոկտեմբերի 31-ին՝ իր ծննդյան օրը, ծանր վիրավոր էր, 9 օր պայքարեց, բայց նոյեմբերի 9-ին անմահացավ»:
Հայկազը մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին և իրեն հանձնարարված առաջադրանքները փայլուն կատարելու համար պարգևատրվել:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հավելեց, որ համալսարանական զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներն այսուհետ շարունակական են լինելու:
Վարդուհի Զաքարյան