- Գլխավոր
- Նորություններ
- Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ
Մարտ 11, 2025 | 17:20
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանն ուղղված գործընթացի շրջանակում գերմանական «ASIIN» գործակալության ձևավորած փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ: Խմբի անդամները ծանոթացել են ԵՊՀ կրթական ծրագրերին, ակադեմիական միջավայրին։

Երևանի պետական համալսարանն այժմ իրականացնում է գործընթաց՝ ուղղված Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը։ Այդ կրթական ծրագրերն են՝ «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա» (բակալավրիատական), «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա և կիրառություններ», «Ֆինանսական մաթեմատիկա» (մագիստրոսական)։
Հավատարմագրման գործընթացում ներառված կրթական ծրագրերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով ոչ միայն կրթական ծրագրերի հեռանկարային լինելը, այլև պահանջարկը, նյութատեխնիկական ռեսուրսների համապատասխանությունը հավատարմագրման միջազգային չափանիշներին:
Փորձագետներն այցի շրջանակում հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոռեկտորներ Միքայել Հովհաննիսյանի, ՌաՖայել Բարխուդարյանի, Էլինա Ասրիյանի, տվյալ կրթական ծրագրերի ղեկավարների հետ՝ քննարկելու կրթական ծրագրերի որակին և դրանց՝ միջազգային չափանիշներին համապատասխանությանն առնչվող հարցերը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձագիտական խմբին ներկայացրեց ԵՊՀ գործունեությունը, առաջնահերթությունները: Խոսելով միջազգային գործակալության հետ համագործակցության մասին՝ասաց․ «Սա գերմանական «ASIIN» գործակալության հետ մեր երկրորդ համագործակցությունն է։ Առաջին համագործակցության արդյունքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը ստացան միջազգային հավատարմագրման հավաստագրեր։ Այս գործընթացը սկսել ենք երեք տարի առաջ, և այժմ մեկնարկում ենք նոր գործընթաց՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի հավատարմագրման նպատակով։ Նախկինում շատերը չէին հասկանում, թե ինչու պետք է անցնենք այս գործընթացի միջով, քանի որ աշխատանքը ծանր էր, շատ ջանքեր պահանջող։ Գործընթացի ընթացքում, սակայն, բոլորը հասկացան, որ միջազգային հավատարմագրումը կարևոր է թե՛ համալսարանի, թե՛ ծրագրերի, թե՛ ուսանողների համար։ Այս տարիների ընթացքում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք բազմաթիվ հաջողություններ են ունեցել տարբեր հաստատություններում»։
ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ ներդրվող համատեղ ջանքերի շնորհիվ հավատարմագրման գործընթացի դժվարությունները կհաղթահարվեն: Ի վերջո կունենանք բարելավված կրթական ծրագրեր և այնպիսի շրջանավարտներ, որոնք իրենց ներդրումը կունենան մեր երկրի կյանքի տարբեր ոլորտների զարգացման կարևոր հարցում:
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, անդրադառնալով միջազգային փորձագիտական խմբի այցելության կարևորությանը, նշեց, որ փորձագիտական խումբը ծանոթանալու է կրթական ծրագրերին, հանդիպելու է տարբեր շահառու կողմերի (դասախոսներ, ուսանողներ, գործատուներ, պրոֆեսորադասախոսական կազմ) հետ՝ գնահատելու ծրագրերի որակը, համապատասխանությունը, արդյունավետությունը՝ ծրագրերի որակի մասին եզրահանգում անելու համար։

«ASIIN» գործակալության ներկայացուցիչ Մարիա Մոթեսը (Maria Mothes) գործակալության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ նշելով, որ սպասում է արդյունավետ քննարկումների։
«Կարծում եմ՝ այս հավատարմագրման գործընթացներում կարևորն այն է, որ մենք աշխատում ենք մի ընդհանուր նպատակի շուրջ՝ բարելավելու բարձրագույն կրթությունը և բարձրացնելու ուսումնական ծրագրերի որակը: Այսպիսով՝ ես անհամբեր սպասում եմ դրան»,- ավելացրեց նա:
Քննարկելով համալսարանի հետ հետագա զարգացման հեռանկարները՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական հագեցվածության հարցերին, հաղորդակցման և համակարգման մեթոդներին, ուսումնառության կազմակերպմանը, ուսուցման կառավարմանը և որակի ապահովման գործընթացներին, որոնք կարևոր են ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Փորձագիտական խումբը շարունակելու է հանդիպումներն ու քննարկումները՝ ծանոթանալու նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։
Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացը, որը կատարում է «ASIIN» գործակալությունը, կարևոր քայլ է ԵՊՀ-ի միջազգայնացման ուղղությամբ: Այն կնպաստի ԵՊՀ-ի և նրա կրթական ծրագրերի վարկանիշի բարձրացմանը՝ դարձնելով դրանք ավելի գրավիչ ոչ միայն հայ, այլև արտասահմանցի ուսանողների համար։ Դառնալով մրցունակ ու միջազգային ճանաչում ունեցող կրթական հաստատություն՝ ԵՊՀ-ն իր ուսանողներին կտա համաշխարհային կրթական և մասնագիտական հնարավորությունների հասանելիություն։
Հիշեցնենք, որ գերմանական «ASIIN» միջազգային գործակալությունը հավատարմագրել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրիատի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրատուրայի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, որոնց հավաստագրերը հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։