- Գլխավոր
- Նորություններ
- ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓՈՐՁԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
Մարտ 11, 2019 | 16:03
Կրթություն
ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓՈՐՁԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը տարբեր ֆակուլտետների իր գործընկերների հետ Պորտոյի համալսարանում մասնակցել է «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել գործընկեր դասախոսներին:
Ինչպես արդեն պատմել ենք, 2018 թվականի հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։
Ծրագրի շրջանակում ԵՊՀ 16 դասախոսներ վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և այժմ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են գործընկեր դասախոսներին:
Վերապատրաստված դասախոսների կազմում է եղել Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Անի Սիմոնյանը, որը 2018 թվականի նոյեմբերի 12-16-ն այցելել է Պորտոյի համալսարան՝ մասնակցելու «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին:
Անի Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերապատրաստման ինտենսիվ դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Պորտոյի համալսարանում կիրառվող դասավանդման քաղաքականության մանրամասներին, մասնավորապես տեսանյութեր պատրաստելու, նկարահանելու և մոնտաժելու նորագույն մեթոդաբանությանը:
Նրա հավաստմամբ, մասնակիցներն այցելել են համալսարանի մեդիա լաբորատորիաներ և ռադիոկայան` տեղում նկարահանման և ձայնագրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են նաև «Panopto» նորարարական ծրագրի միջոցով արդիական դասընթացներ պատրաստելու հմտություններին և դրանց կիրառման անհրաժեշտությանը:
Անի Սիմոնյանն իր ստացած գիտելիքներն արդեն փոխանցել է գործընկերներին՝ Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար կազմակերպվելով «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք» վերապատրաստման 5-օրյա դասընթացը, որի ընթացքում ֆակուլտետի գործընկերներին ներկայացրել է ուսուցողական տեսանյութերի պատրաստման և տեսանկարահանման գործընթացի արդյունավետության բարձրացման հմտությունները:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Panoto» և «Explain everything» ծրագրերի հնարավորություններին և գործակցման եղանակներին: Քննարկվել են նաև «Շրջված դասարանի» (Flipped classroom) կիրառման առավելությունները, ինչպես նաև հնարավոր բացասական ազդեցությունները:
Անի Սիմոնյանի հավաստմամբ, քննարկումներն ընթացել են մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ, արդյունավետ առաջարկներով և ավարտվել են ֆակուլտետում դասավանդվող գիտակարգերի բարելավման պայմանավորվածություններով:
Քնար Միսակյան