- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ԻՑ ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փետրվար 27, 2019 | 18:35
Հասարակություն
«ԵՊՀ-ԻՑ ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գրեթե մեկ ամիս է, ինչ ԵՊՀ աշխատակիցները չունեն բժշկական ապահովագրություն:
Արդեն շուրջ երկու տարի է, ինչ ԵՊՀ-ում գործում է բժշկական ապահովագրության փաթեթ: Երկու տարի անընդմեջ օրենքի պահանջներին համապատասխան ԵՊՀ-ն հայտարարել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն կնքել է պայմանագիր: Այս տարվա փաթեթի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, որից հետո ԵՊՀ-ն իր աշխատողների ապահովագրությունն անխափան շարունակելու նպատակով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ եկել է ընդհանուր հայտարարի և բժշկական ապահովագրության փաթեթի ժամկետը երկարացրել մինչև 2019 թվականի հունվարի 31-ը՝ մինչ նոր մրցույթ հայտարարելը: Սակայն արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ մրցույթ չի հայտարարվել: Հաշվի առնելով ԵՊՀ աշխատակիցների դժգոհությունները՝ փորձել ենք պարզաբանումներ ստանալ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանից և ԵՊՀ գնումների պլանավորման և պահեստավորման վարչության գնումների գլխավոր մասնագետ Ալլա Մակարյանից:
- Պարո՛ն Ավետիսյան, արդեն մեկ ամիս է ԵՊՀ աշխատակիցները չունեն բժշկական ապահովագրություն: Ինչո՞ւ:
- Ինչպես գիտեք, հունվարի 31-ին ավարտվել է ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Մինչև այժմ նոր մրցույթ չի հայտարարվել՝ ԵՊՀ աշխատակիցներին թողնելով առանց բժշկական ապահովագրության: Դժգոհությունները շատ են: Օրական 10-15 զանգ ենք ստանում այս թեմայի առնչությամբ: Կան աշխատակիցներ, որ անձամբ գալիս են ճշտելու, թե ինչու չի գործում բժշկական ապահովագրությունը: Բողոքները և վրդովմունքներն արդարացի են, քանի որ կան աշխատակիցներ, որոնք պլանավորել էին այս տարվա սկզբին վիրահատվել, իսկ այժմ չի ստացվում: Աշխատակիցներ էլ կան, որոնք վիրահատվել են՝ մտածելով, որ ապահովագրությունը շարունակվելու է և ստիպված են եղել վճարել սեփական միջոցներով: Արհեստակցական կազմակերպությունն, իհարկե, իր ունեցած հնարավորությունների շրջանակում հատուցել կամ աջակցել է նրանց, բայց դա շատ քիչ է եղել, որովհետև մեր միջոցներն էլ շատ չեն: Թե ինչու չի հայտարարվում նոր մրցույթ, չեմ կարող ասել: Միայն կարող եմ փաստել, որ որպես Արհեստակցական կազմակերպության նախագահ՝ ես հանդես եմ եկել գրավոր առաջարկությամբ՝ նախ նշելով, որ անպայման պետք է երկարացնել պայմանագիրը կամ նոր մրցույթ հայտարարել, ապա նաև մեկ այլ գրավոր փաստաթղթով առաջարկել եմ ապահովագրության փաթեթում ներառել այն ծառայությունները, որոնք եղել են նախկինում, և ավելացնել նորերը:
- Ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը: Ի՞նչ եք առաջարկել Դուք:
- Փաթեթում ներառված են լինում բժշկական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են անհապաղ բուժօգնությունները, պլանային վիրահատությունները, ինչպես նաև տարեկան կանխարգելիչ հետազոտությունը, ՀՀ կառավարության կողմից սահմանված պարտադիր ֆլյուրոգրաֆիայի ստուգումները և նմանատիպ այլ ծառայություններ, որոնցից մեր աշխատակիցները շատ գոհ են: Առաջին տարում, երբ ձեռք բերեցինք առողջապահության ապահովագրության փաթեթը, պլանային վիրահատությունը նախատեսված չէր: Այդ ընթացքում եղան դժգոհություններ, ես էլ իմ կողմից առաջարկեցի ռեկտորին հաջորդիվ անպայման ներառել նաև այդ ծառայությունը: Առաջարկությունն ընդունվեց: Անցած տարվա ողջ ընթացքում մեր կոլեկտիվն օգտվեց այդ ծառայությունից, ստացանք դրական արձագանքներ: Բացի դրանից՝ առողջապահության ապահովագրություն ունենալու առաջին տարում փաթեթի մեջ ներառված էին տարեկան կանխարգելիչ այնպիսի հետազոտություններ, որոնք հաջորդ տարի դուրս եկան, որովհետև ներառվեց պլանային վիրահատություններից օգտվելու հնարավորությունը: Ճիշտ է, դժգոհությունների մեծ ալիքի ներքո դրանք նորից ներառվեցին փաթեթի մեջ, բայց մենք առաջարկեցինք, որ այդ ծառայություններն անպայման նշվեն տարեկան կանխարգելիչ հետազոտությունների ցանկում: Դրանցից էին, օրինակ, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուռոլոգի խորհրդատվություն, արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, բժշկի նշանակման դեպքում` մամոգրաֆիական հետազոտություն և այլն:
- Պարո՛ն Ավետիսյան, ո՞վքեր են օգտվել բժշկական ապահովագրության այդ ծառայություններից:
- Բժշկական ապահովագրությունից օգտվելու հնարավորությունը տրված է եղել ԵՊՀ հիմնական բոլոր աշխատողներին: Չեն օգտվում միայն ժամավճարով արտաքին համատեղողները:
- Ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:
- Այս իրավիճակից ելք կլինի, երբ նոր մրցույթ հայտարարվի, պարզ դառնա, թե որ կազմակերպությունն է իրականացնելու ԵՊՀ աշխատակիցների բժշկական ապահովագրությունը: Եթե գործընթացը շատ երկարի, դժգոհություններն ավելի են շատանալու: Կարծում եմ՝ այս հարցը շատ արագ լուծում պետք է ստանա:
- Տիկի՛ն Մակարյան, ինչո՞ւ ԵՊՀ-ում ներկայումս չի գործում բժշկական ապահովագրության փաթեթ:
- Բժշկական ապահովագրության ծառայություն ԵՊՀ-ում ներկայումս չի իրականացվում, քանի որ Ֆինանսների նախարարության կողմից կարգավորվող համակարգն այժմ գտնվում է վերազինման փուլում: Այսինքն՝ առհասարակ համակարգը ոչ մի ընթացակարգի պարագայում չենք կարող կիրառել:
- Գործընթացի ձգձգումը շատերը կապում են «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև ընթացող դատական գործընթացների հետ: Դրանք իսկապե՞ս ազդում են:
- Դատական գործընթացներն իրականում խոչընդոտ չէին բժշկական ապահովագրության ծառայությունը շարունակելու համար: Ավելի մեծ խնդիր առաջացրեց փաթեթի մեջ նոր ծառայությունների ավելացումը, որոնց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը չհամաձայնվեց, ինչն էլ ենթադրեց հավելյալ ծախսեր: Այդ ժամանակ որոշում կայացվեց էլեկտրոնային աճուրդ իրականացնել:
- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ԵՊՀ-ից ոչինչ կախված չէ:
- Միանշանակ այո՛, քանի որ տեխնիկական բնութագիրը, վերջնական փաթեթն արդեն մշակված են: Սպասում ենք Ֆինանսների նախարարության կողմից կարգավորվող համակարգի գործարկմանը:
Քնար Միսակյան