- Գլխավոր
- Նորություններ
- ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Դեկտեմբեր 11, 2018 | 16:15
Հասարակություն
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը:
Տեղեկատվական հասարակարգում ավանդական լրատվամիջոցները հետզհետե զիջում են իրենց դիրքերը նոր մեդիային՝ մարդկանց շատ մեծ տոկոսի համար սոցցանցերը դարձնելով հիմնական տեղեկատվական աղբյուր:
Սոցիալական ցանցերը շատ ավելի ազատ են և ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում, քան նույն հեռուստատեսությունը: Լրատվական սոցիալական ցանց կարող է բացել յուրաքանչյուրը՝ նպաստելով խոսքի ազատությանը և դրան զուգահեռ աճող ապատեղեկատվությանը:
Մեդիագրագիտության մասին խոսվում է անընդհատ, սակայն իրավիճակը շարունակում է անմխիթար մնալ: Մարդիկ շարունակում են հավատալ կեղծ կամ սոցցանցային բառապաշարով ասած՝ ֆեյք լուրերին: Տարբեր տարիքի, սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդիկ հավատում են ոչ միայն քաղաքական քարոզչության կեղծիքներին, այլև անբնական մեծ չափերի ունեցող սարդերի գոյությանը՝ անխնա տարածելով այդ ամենը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները որոշել են ստուգել գոյություն ունեցող այս տեսակետը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և Մարքեթինգի պրոֆեսոր Սինան Արալի (Sinan Aral) թիմը հետազոտության համար ընտրեց «Twitter» սոցիալական ցանցը, որն Արևմուտքի հասարակության համար լրատվական գլխավոր մեդիան է:
«Twitter»-ի տնօրինությունն աջակցեց հետազոտությանը, քանի որ նրանք ևս ցանկություն ունեին ստի քանակը հնարավորինս քչացնել:
Հետազոտողները ստացան 2006-2017 թվականների գրառումների արխիվը:
Արխիվից ընտրվեց 126 հազար լրատվական հաղորդագրություն՝ ներառյալ դրանցով կիսվածները. ընդհանուր առմամբ ուսումնասիրվեց 3 մլն օգտատիրոջ կողմից արված 4,5 մլն թվիթ:
Տարածված լուրերի իսկությունը գնահատվում էր փաստերը ստուգող 6 կայքի միջոցով՝ factcheck.org, hoax-slayer.com, politifact.com և այլն: Կայքերի տված արդյունքները համընկնում էին 95%-ով, ինչը թույլ էր տալիս բացառել այն, որ մի կայքը նորությունը կարող է ճանաչել ճշմարիտ, իսկ մյուսը՝ կեղծ:
Նորությունների տարածումը չափելիս կիրառվում էին տարբեր սկզբունքներ՝ հաշվի առնելով ռեթվիթների քանակը, դրանց անընդհատություն (միևնույն շղթայի մեջ քանի ռեթֆիթ է) և այն արագությունը, որով թվիթը կընդգրկի որոշակի թվով մարդկանց:
Այս հետազոտությամբ պարզվեց, որ կեղծ լուրի տարածման հավանականությունը 70%-ով մեծ է, քան ճշմարիտ լուրի: 1500 մարդու օրինակով՝ կեղծ լուրը տարածվում է 6 անգամ արագ, քան ճշմարիտ լուրը, իսկ կեղծ լուրի 10 ռեթվիթից բաղկացած շղթա կձևավորվի 20 անգամ ավելի արագ, քան ճշմարիտ լուրի դեպքում:
Ինչպես նշում են հեղինակները, այստեղ խոսքը ոչ թե բոտերի՝ տեղեկատվական աղբ տարածող հատուկ ծրագրերի մասին է, այլ իրական մարդկանց:
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել նաև կեղծ լուրերը տարածելու դրդապատճառների վրա: Պարզվել է, որ կեղծ նորությունները պարունակում են անսպասելի նորույթ, որը միանգամից գրավում է մարդկանց ուշադրությունը և ստիպում կարծել, որ նորության հեղինակը իրոք տիրապետում է ինչ-որ իրական փաստերի: Ի դեպ, մարդկանց վերաբերմունքը կեղծ նորությանը կա՛մ զարմանքով, կա՛մ բարկությամբ էր արտահայտվում. այս երկու էմոցիաներն էլ ապացուցում են, որ մարդիկ չէին սպասում նմանաբնույթ նորություն տեսնել:
Կա նաև հակառակ կարծիքը. մարդիկ հավատում են կեղծ նորությանը, որովհետև այն համապատասխանում է իրենց գիտելիքներին, ակնհայտ կամ թաքնված սպասելիքներին:
Կեղծ լուրերի տարածման պատճառները հաճախ նաև հոգեբանական են: Սոցիալական ցանցերում մարդկանց վարքն ուսումնասիրությունների հետաքրքիր առարկա կարող է դառնալ՝ վեր հանելով կենցաղում քիչ արտահայտվող հակումներ, ինչն էլ թույլ կտա ավելի ամբողջական պատկեր ստանալ մարդու վարքագծի մասին:
Մարի Ռաֆյան