- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ» ԵՎ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարտ 27, 2019 | 16:33
Մշակույթ
«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ» ԵՎ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործությունների հիման վրա էկրանավորված «Մի կաթիլ մեղր» խաղարկային և «Շունն ու կատուն» առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտում- քննարկումը:
Ֆիլմերի ցուցադրությունը պատահական չէր ընտրված հենց մարտի 27-ին, քանի որ ամեն տարի այս օրը թատրոնի աշխատողները, թատերական ռեժիսոր-բեմադրողները, լուսային օպերատորները, մոնտաժողները, ձևավորողները, թատրոնի սիրահարներն ու նվիրյալները տոնում են Թատրոնի համաշխարհային օրը: Տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի արտիստներ Լիզա Ազիզյանը և Կարինե Ոսկանյանը, ՀՀ ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Մարինե Անտոնյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Մինչև կինոդիտումը սկսելը՝ Կարինե Դավթյանը նշեց, որ այսօր առանձնահատուկ օր է, քանի որ ներկաները վայելելու են թումանյանական հանճարը՝ համեմված թատրոնին ու կինոյին բնորոշ առանձնահատկություններով:
Շնորհավորելով «Թատրոնի համաշխարհային օրը»՝ ՀՀ ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Մարինե Անտոնյանն ընդգծեց թատրոնի կարևորությունն ու ազդեցությունը մշակութային կյանքի զարգացման գործում. «Ամեն անգամ շունչս պահած ես սպասում եմ վարագույրի բացմանը. այն նման է հեքիաթի, և ես հույս ունեմ, որ այդ հեքիաթը երբեք չի ավարտվի, այլև ծաղկում և բարգավաճում կապրի»,- նշեց Անտոնյանը:
Հանդիպման ընթացքում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի արտիստները ներկայացրին Հենրիկ Մալյանի գործունեությունը, թատրոնի և կինոյի զարգացման գործում ունեցած նրա վիթխարի դերը:
Անգին Խաչատրյան