- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԳԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
Դեկտեմբեր 24, 2019 | 15:06
Ուսանողական
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԳԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ՈՒԳԸ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստն ու «Արդյունքի և անհատականացման վրա հիմնված ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում. հնարավորություններ բոլորի համար» խորագրով սեմինար-քննարկումը:
Սեմինար-քննարկմանը զեկուցումներով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Սաթենիկ Բաղդասարյանը և «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» նախագահ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը:
Սաթենիկ Բաղդասարյանը ներկայացրեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի գործունեությունը և առաքելությունը:
«ՀԿ-ի առաքելությունն է նպաստել քաղաքացիների գիտակցության, իրավունքի գերակայության վրա հիմնված արժեքների բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը՝ մեծացնելով խոսքի ազատության ու բազմակարծության հնարավորությունները»,- նշեց բանախոսը:
Վերջինս փաստեց նաև, որ կազմակերպությունը խթանում է երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հասարակական, քաղաքական գործընթացներում, նպաստում է որոշումների կայացման վրա ազդեցության մեծացմանը և պետական կառույցների հաշվետվողականության բարձրացմանը. «Մեր առաքելությունն է նաև բարձրաձայնել հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի մասին ձևավորել բազմակողմանի քննարկումների լայն դաշտ»:
Այս ամենի շնորհիվ, ըստ ՀԿ նախագահի, զարգանում են երիտասարդների, քաղաքացիական ակտիվ խմբերի ու լրագրողների կարողությունները:
«Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց «Մեդիացիան՝ որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տեխնոլոգիա» դպրոցը, դրա ծավալած գործունեությունը, խոսեց ընդունելության կարգի և առավելությունների մասին:
«Դպրոցում հավաքվում են ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, որոնք խոսում են տարբեր հարցերի և թեմաների մասին, որոնց կենտրոնում կոնֆլիկտն է, դրա հաղթահարման և լուծման ճանապարհները»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը:
Նշենք, որ սեմինար-քննարկումից հետո ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը խոսեց 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՈԻԳԸ-ի ձեռքբերումների, իրականացրած միջոցառումների, գիտաժողովների և թերացումների մասին, ներկայացրեց տեղի ունեցած կադրային փոփոխությունները և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ուսանողական կառույցը պատասխանատվությամբ կիրականացնի իր աշխատանքները:
Նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում հավաստագրեր և խրախուսական մրցանակներ ստացան գերազանց և վերապահմամբ գերազանց գնահատականի արժանացած ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, կիսամյակի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած քարտուղարները և անդամները: